ԵՍԱՅԻԱ14
  • 1Որովհետեւ Տէրը ողորմելու է Յակոբին, եւ միւսանգամ ընտրելու է Իսրայէլին, եւ նորանց հանգստացնելու է իրանց երկրի վերայ, եւ օտարազգիք պիտի յարեն նորանց եւ միանան Յակոբի տան հետ։
  • 3Եւ լինելու է, որ երբ Տէրը քեզ կ’հանգստացնէ քո աշխատութիւնիցը, քո տանջանքիցը, եւ այն ծանր ծառայութիւնիցը, որով դու ծառայ էիր եղած,
  • 4Այն ժամանակ այս առակը խօսես Բաբիլոնի թագաւորի մասին եւ ասես. Ի՜նչպէս է դադարել բռնաւորը, դադարե՜ց տանջարանը։
  • 5Տէրը կոտրել է ամբարիշտների գաւազանը, իշխանաւորների մահակը.
  • 6Որ սրտմտութեամբ զարկում էր ազգերին անդադար հարուածներով, որ բռնանում էր բարկութեամբ ժողովուրդների վերայ անզուսպ հալածանքով։
  • 7Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. Նորանք գոչում են ցնծութեամբ։
  • 8Մայրերն էլ են ուրախանում քեզ համար եւ Լիբանանի եղեւիններն էլ. Քանի որ դու պառկել ես՝ փայտ կտրողը վեր չէ եկել մեզ վերայ։
  • 9Դժոխքը տակիցը դղրդաց քեզ համար քո գալուստը դիմաւորելու. Նա քրքրեց քեզ համար ուրուականներին՝ երկրի բոլոր իշխաններին, վեր կանգնեցրեց իրանց աթոռներիցը ազգերի բոլոր թագաւորներին։
  • 10նորանք ամենքը քեզ պատասխանում են եւ ասում. Դո՞ւ էլ տկարացար մեզ նման, մեզ նման եղա՞ր։
  • 11Դժոխքն իջաւ քո փառքը՝ քո տաւիղների հնչմունքները. Տակիդ տարածուած ճճիներ, եւ քո ծածկոցը որդերն են։
  • 12Ի՜նչպէս վայր ընկար երկնքից, ով առաւօտը ծագող Արուսեակ. Կտրուեցա՜ր՝ գետինն ընկար, ով ազգեր նկուն անողդ։
  • 13Բայց ինքդ ասել էիր քո սրտումը. Վեր կ’ելնեմ երկինքը, Աստուծոյ աստղերից բարձր կ’դնեմ իմ աթոռը, կ’նստեմ աստուածների ժողովի սարի վերայ հիւսիսի ծայրերումը։
  • 14Վեր կ’ելնեմ ամպերի բարձրութիւնների վերայ, Բարձրելոյն կ’նմանուեմ։
  • 15Բայց դու դժոխքն ես իջել, գուբի խորխորատները։
  • 16Քեզ տեսնողները հիանալու են քեզ վերայ եւ դնդղելու. Այն մարդը սա՞ է, որ սարսեցնում էր երկիրը, դողացնում էր թագաւորութիւնները.
  • 17Աշխարքս անապա՞տ էր դարձնում, եւ նորա քաղաքները աւերա՞կ էր անում. Եւ նորա գերիներին չէ՞ր արձակում տուն գնալու։
  • 18Բոլոր ազգերի թագաւորները, ամենքը պառկած են փառքով իրանց տներումը։
  • 19Բայց դու տարագրուեցար քո գերեզմանիցը գարշելի ընձիւղի պէս, հագնուած՝ սրով խոցուած մեռելներով, որ իջնում են գուբի քարերի մօտ ոտնահար դիակի պէս։
  • 20Դու թաղումով չ’միացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. չարերի սերունդը պիտի չ’յիշուի յաւիտեան։
  • 21Նորա որդկանց համար կոտորում պատրաստեցէք իրանց հայրերի անօրէնութեան համար. Որ վեր չ’կենան եւ երկիրը ժառանգեն, եւ աշխարհի երեսը լցնեն քաղաքներով։
  • 22Եւ ես վեր եմ կենալու նորանց դէմ, ասում է Զօրաց Տէրը, եւ բնաջինջ եմ անելու Բաբիլոնի անունն ու մնացորդը, եւ զաւակն ու սերունդը, ասում է Տէրը։
  • 23Եւ նորան շինելու եմ ոզնիների ժառանգութիւն եւ ջրերի լճակներ. Եւ նորան աւելելու եմ կորստեան աւելով, ասում է Զօրաց Տէրը։
  • 24Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կ’լինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կ’կատարուի.
  • 25Որ Ասորեստանցիին կոտրեմ իմ երկրումը, եւ իմ սարերի վերայ ոտնակոխ եմ անելու նորան, եւ կ’հեռանայ նորանց վերայից նորա լուծը, եւ նորա բեռը կ’հեռանայ նորանց ուսիցը։
  • 26Սա է այն որոշումը, որ որոշուել է բոլոր երկրի համար, եւ սա է այն ձեռքը, որ մեկնուած է բոլոր ազգերի վերայ։
  • 27Որովհետեւ Զօրաց Տէրը որոշեց, եւ ո՞վ կարող է արգելել, եւ նորա ձեռքը մեկնուած է. Եւ ո՞վ կարող է նորան ետ դարձնել։
  • 28Աքազ թագաւորի մեռած տարին եղաւ այս պատգամը։
  • 29Մի ուրախանար բոլորովին, ով Փղշտացիների երկիր, որ քեզ զարկողի գաւազանը կոտրուեցաւ. Որովհետեւ օձի արմատիցը քարբ է դուրս գալու, եւ նորա պտուղը թռչող վիշապ է լինելու։
  • 30Եւ կերակրուելու են աղքատների անդրանիկները, եւ չքաւորները ապահով պիտի պառկեն, եւ ես քո արմատը պիտի սովով մեռցնեմ. Եւ նա պիտի սպանէ քո մնացորդը։
  • 31Ողբա, ով դուռ. Աղաղակիր, ով քաղաք. Հալումաշ պիտի լինիս դու բոլորովին, ով Փղշտացիների երկիր։ Որովհետեւ հիւսիսից մի ծուխ է գալիս, եւ բաժանուողը չ’կայ նորա խումբերումը։
  • 32Եւ ի՞նչ կ’պատասխանեն ազգերի պատգամաւորները, որ Տէրը հաստատեց Սիօնի հիմունքը, եւ նորա ժողովրդի խեղճերը այնտեղ պիտի ապաստանուին։
← Ցանկ