ԵՍԱՅԻԱ13
  • 1Բաբիլոնի պատգամը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան։
  • 3Ես եմ իմ սրբեալներին պատուիրել, իմ զօրաւորներին էլ կանչել եմ իմ բարկութեան համար՝ իմ վեհափառութիւնովը խրոխտացողներին։
  • 4բազմութեան ձայն կայ սարերի վերայ մեծ ժողովրդի նմանութիւնով, ժողովուած ազգերի թագաւորութիւնների աղմուկի ձայնը. Զօրաց Տէրը հանդէս է անում պատերազմի զօրքին,
  • 5Որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար։
  • 6Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը։
  • 7Նորա համար թուլացել են ամեն ձեռքերը, եւ ամեն մարդի սիրտը հալվում է։
  • 8Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նորանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները։
  • 9Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. Որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից։
  • 10Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը։
  • 11Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ։
  • 12Ես մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հողեղէնին՝ Ոփիրի գանձիցը։
  • 13Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը։
  • 14Եւ պիտի լինի ինչպէս մի հալածուած այծեամն, եւ ինչպէս ոչխարներ, որոնք հաւաքող չ’ունին, ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը։
  • 15Ամեն ով որ գտնուի՝ պիտի խոցուի, եւ ամեն ով որ բռնուի՝ սրով պիտի ընկնի։
  • 16Եւ նորանց մանուկները պիտի ջարդուին իրանց աչքի առաջին, նորանց տները պիտի կողոպտուին եւ նորանց կանայքը պիտի պղծուին։
  • 17Ահա ես վեր կ’կացնեմ նորանց վերայ Մարաց ազգը, որոնք արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում։
  • 18Եւ աղեղները երիտասարդներին են խոցում, եւ որովայնի պտուղին չեն ողորմում, եւ երեխաներին չէ խնայում նորանց աչքը։
  • 19Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդէացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պէս։
  • 20Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. Եւ Արաբացին այնտեղ պիտի չ’կանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չ’նստեցնեն իրանց խաշինքը.
  • 21Այլ այնտեղ վայրի գազաններ են մակաղ տալու. Եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու։
  • 22Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբօսանքի տներումը, եւ մօտ է, որ գայ նորա ժամանակը, եւ նորա օրերը չեն ուշանալու։
← Ցանկ