ԵՍԱՅԻԱ11
  • 1Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը.
  • 2Եւ նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին։
  • 3Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կ’յանդիմանէ։
  • 4Այլ արդարութեամբ կ’դատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կ’յանդիմանէ երկրի խոնարհների մասին. Եւ երկրին կ’զարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կ’մեռցնէ ամբարշտին։
  • 5Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կ’լինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին։
  • 6Եւ գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. Եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց։
  • 7Եւ կովն ու արջը կ’արածեն, մէկտեղ կ’պառկեն նորանց ձագերը, եւ առիւծը արջառի պէս յարդ կ’ուտէ։
  • 8Եւ կաթնակեր տղան իժի ծակի վերայ կ’խաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կ’դնէ։
  • 9Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. Որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը։
  • 10Եւ այն օրը կ’լինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կ’կանգնէ, եւ ազգերը նորան կ’խնդրեն. Եւ նորա հանգիստը փառք կ’լինի։
  • 11Եւ այն օրը կ’լինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կ’մեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը։
  • 12Եւ նա դրօշակ կ’բարձրացնէ ազգերի համար, եւ կ’ժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կ’հաւաքէ երկրի չորս անկիւններիցը։
  • 13Եւ կ’վերանայ Եփրեմի նախանձը, եւ Յուդայի նեղիչները բնաջինջ կ’լինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։
  • 14Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կ’թռչեն, միասին կ’կողոպտեն արեւելցիներին, Եդովմի ու Մովաբի վերայ կ’երկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը պէտք է հնազանդին նորանց։
  • 16Եւ մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կ’մնայ Ասորեստանից, ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը։
← Ցանկ