ԱՌԱԿԱՑ8
- 1Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.
- 2Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.
- 3Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.
- 4Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։
- 5Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.
- 6Լսեցէք, որովհետեւ ազնիւ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։
- 7Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։
- 8Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չ’կայ։
- 9Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին։
- 10Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է։
- 11Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չ’արժեն նորան։
- 12Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ։
- 13Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։
- 14Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. Ես եմ հանճարը, զօրութիւնը իմն է։
- 15Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։
- 16Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։
- 17Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ։
- 18Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։
- 19Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։
- 20Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը,
- 21Որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ։
- 22Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։
- 23Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։
- 24Ես անդունդները չ’եղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չ’եղած։
- 25Տակաւին սարերը չ’ձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։
- 26Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։
- 27Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։
- 28Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։
- 29Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չ’անցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը,
- 30Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։
- 31Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։
- 32Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։
- 33Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։
- 34Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։
- 35Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կ’ստանայ։
- 36Բայց ինձ դէմ մեղանչողը կ’վնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։