ԱՌԱԿԱՑ8
  • 1Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.
  • 2Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.
  • 3Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.
  • 4Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է։
  • 5Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.
  • 6Լսեցէք, որովհետեւ ազնիւ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով։
  • 7Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը։
  • 8Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չ’կայ։
  • 9Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին։
  • 10Առէք իմ խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է։
  • 11Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չ’արժեն նորան։
  • 12Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ։
  • 13Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր բերանը ես ատում եմ։
  • 14Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. Ես եմ հանճարը, զօրութիւնը իմն է։
  • 15Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում։
  • 16Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։
  • 17Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, եւ ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ։
  • 18Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն։
  • 19Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից։
  • 20Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը,
  • 21Որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ։
  • 22Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։
  • 23Ես օծուել եմ յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ։
  • 24Ես անդունդները չ’եղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չ’եղած։
  • 25Տակաւին սարերը չ’ձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել։
  • 26Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ աշխարհքի սկզբնական շամանդաղները։
  • 27Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում։
  • 28Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները։
  • 29Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չ’անցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը,
  • 31Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր։
  • 32Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. Եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները։
  • 33Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք։
  • 34Երանի՜ այն մարդին որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է։
  • 35Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կ’ստանայ։
  • 36Բայց ինձ դէմ մեղանչողը կ’վնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում։
← Ցանկ