ԱՌԱԿԱՑ7
  • 1Որդեակս, պահիր իմ խօսքերը, եւ իմ պատուիրանքները թագցրու քեզ մօտ։
  • 2Պահիր իմ պատուիրանքները որ ապրես, եւ իմ օրէնքը՝ քո աչքի բիբին պէս։
  • 3Քո մատներին կապիր նորանց, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։
  • 4Իմաստութեանն ասիր. «Իմ քոյրն ես.» եւ հանճարին «Ծանօթ» կանչիր։
  • 5Որ քեզ պահէ օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խօսքերը շողոքորթում են։
  • 6Որովհետեւ իմ տան պատուհանիցը, իմ վանդակի միջովը մտիկ էի տալիս։
  • 7Եւ տեսայ անմիտների մէջ եւ նկատեցի երիտասարդ պատանիների մէջ մէկ պակասամիտին,
  • 8Որ անց էր կենում փողոցում այն կնկայ կողքովը, եւ նորա տան ճանապարհը բռնեց,
  • 9Օրը երեկոյեան մթնած ժամանակը, երբոր գիշերուայ խաւարը կոխել էր։
  • 10Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ նենգաւոր սրտով.
  • 11Նա աղաղակող էր եւ սանձակոտոր. նորա ոտները չէին կենում իր տանը։
  • 13Եւ սա բռնեց նորան եւ համբուրեց նորան, երեսը պնդացրեց եւ ասեց նորան.
  • 14Ես խաղաղութեան զոհեր պիտի անէի, այսօր կատարել եմ իմ ուխտերը.
  • 15Նորա համար դուրս եկայ քո դիմացը, քո երեսը խնդրելու եւ գտայ քեզ.
  • 16Անկողինս փափուկ բարձերով սարքել եմ, Եգիպտոսի երփներանգ հիւսուածքով,
  • 17Ննջարանիս մէջ զմուռս, հալուէ եւ կինամոն եմ խնկել։
  • 18Եկ տռփանքով զուարճանանք մինչեւ առաւօտ եւ զմայլինք սիրով.
  • 19Որովհետեւ մարդս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել.
  • 20Փողի քսակն առել է իր մօտը. Լուսնի լրման օրն է տուն գնալու։
  • 21Այսպէս իր շատ խօսքերովը հրապուրեց նորան, իր շրթունքների շողոքորթութիւնովը քշեց տարաւ նորան.
  • 22Նա էլ իսկոյն գնաց նորա ետեւիցը, ինչպէս որ արջառը կ’գնայ սպանդանոցը, եւ ինչպէս գիժը՝ դէպի շղթայով պատժուիլը։
  • 23Մինչեւ որ նետը ճեղքէ նորա լեարդը, ինչպէս որ թռչունը շտապում է դէպի ծուղակը, եւ չ’գիտէ որ նա իր հոգիին համար է։
  • 24Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ, եւ ուշադրութիւն արէք իմ բերանի խօսքերին։
  • 25Թող սիրտդ չ’խոտորուի դէպի նորա ճանապարհները, եւ մի մոլորուիր նորա շաւիղներումը։
  • 26Որովհետեւ նա շատերին է խոցոտել ու վայր գցել, եւ ամեն նորա սպանածները զօրաւոր էին։
  • 27Դժոխքի ճանապարհներն է նորա տունը, որ իջնում են, մահուան սենեակները։
← Ցանկ