ԱՌԱԿԱՑ6
- 1Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.
- 2Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։
- 3Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. Գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին։
- 4Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.
- 5Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս։
- 6Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.
- 7Որ իշխան, ոստիկան եւ տիրող չ’ունի.
- 8Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։
- 9Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։
- 10Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.
- 11Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կ’գայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։
- 12Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,
- 13Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.
- 14Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում։
- 15Սորա համար յանկարծ կ’գայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չ’գտնէ։
- 16Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.
- 17Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.
- 18Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.
- 19Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։
- 20Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։
- 21Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։
- 22Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։
- 23Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ։
- 24Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը.
- 25Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը։
- 26Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ շնացող առնակինը պատուական հոգին կ’որսայ։
- 27Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին։
- 28կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին։
- 29Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։
- 30Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։
- 31Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ։
- 32Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։
- 33Նա վէրք եւ անարգանք կ’գտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։
- 34Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։
- 35նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։