ԱՌԱԿԱՑ25
- 1Սորանք էլ են Սողոմոնի առակները, որ Յուդայի Եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին։
- 2Աստուծոյ փառքն է բանը ծածկելը. Բայց թագաւորների փառքն է բանը քննելը։
- 3Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ։
- 4Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կ’գայ։
- 5Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կ’հաստատուի արդարութեամբ։
- 6Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր։
- 7Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. Վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը։
- 8Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չ’իմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ։
- 9Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր։
- 10Որ մի գուցէ լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չ’գնայ։
- 11Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ։
- 12Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար։
- 13Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. Նա զուարթացնում է իր տիրոջ հոգին։
- 14Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է որ պարծենում է դարտակ պարգեւներով։
- 15Երկայնմտութեամբ կ’համոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կ’կոտրէ։
- 16Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. Մի գուցէ նորանից կշտանաս եւ փսխես նորան։
- 17Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից։
- 18Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ։
- 19Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը։
- 20Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին։
- 21Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան.
- 22Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կ’դիզես. Եւ Տէրը քեզ կ’հատուցանէ։
- 23Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ գաղտախօս լեզու։
- 24Լաւ է բնակուել մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ։
- 25Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից։
- 26Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը։
- 27Շատ մեղր ուտելը լաւ չէ, իր պատիւը որոնելը պատիւ չէ։
- 28Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին։