ԱՌԱԿԱՑ23
  • 1Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ,
  • 2Եւ դանակ դիր կոկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես։
  • 3Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են։
  • 4Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողութիւնիցը դադարիր։
  • 5Մի՞թէ աչքդ պիտի դնես այն բանին որ ոչինչ է. Որ իրան համար անշուշտ թեւեր կ’շինէ, արծիւի պէս երկինքը կ’թռչի։
  • 6Մի ուտիր չարաչք մարդի հացը, եւ նորա կերակուրներին մի ցանկանար։
  • 7Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է. քեզ կ’ասէ. Կեր եւ խմիր, բայց սիրտը քեզ հետ չէ։
  • 8Այն պատառդ, որ կերել ես՝ կ’փսխես, եւ դու կորցրել ես այն անոյշ խօսքերդ։
  • 9Յիմարի ականջներին բան մի ասիր. Որովհետեւ նա կ’անարգէ քո խօսքերի իմաստութիւնը։
  • 10Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, եւ որբի արտերի մէջը մի մտնիր։
  • 11Որովհետեւ նորանց վրէժխնդիրը զօրաւոր է. Նա կ’վարէ նորանց դատը քեզ հետ։
  • 12Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի։
  • 13Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։
  • 14Դու նորան գաւազանով կ’ծեծես, բայց հոգին կ’ազատես դժոխքիցը։
  • 15Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ,
  • 16Եւ իմ երիկամունքները կ’ցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս։
  • 17Թող սիրտդ չ’նախանձէ մեղաւորներին. Այլ Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր։
  • 18Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չ’կտրուի։
  • 19Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը։
  • 20Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ։
  • 21Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կ’հագցնէ։
  • 22Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է։
  • 23Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. Նաև իմաստութիւն, խրատ եւ հանճար։
  • 24Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ։
  • 25Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը։
  • 26Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։
  • 27Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր.
  • 29Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը։
  • 30Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու։
  • 31Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է.
  • 32Նա վերջը օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ։
  • 33Աչքերդ օտար կնիկների կ’նայեն եւ սիրտդ ծուռումուռ բաներ կ’խօսէ,
  • 34Եւ ծովի միջումը քնողի նման կ’լինես, եւ կայմի վերայ քնողի նման։
  • 35Կ’ասես. Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափուելու. Նորան դարձեալ պիտի որոնեմ։
← Ցանկ