ԱՌԱԿԱՑ21
- 1Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կ’դարձնէ։
- 2Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է։
- 3Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։
- 4Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։
- 5Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. Բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում։
- 6Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է։
- 7Ամբարիշտների բռնութիւնը քարշ կ’տայ իրանց. Որովհետեւ չեն ուզում իրաւունք անել։
- 8Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է։
- 9Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։
- 10Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ։
- 11Ծաղրողը տուժելիս միամիտը կ’իմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կ’ստանայ։
- 12Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ՝՝։
- 13Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կ’կանչէ, եւ պատասխան չի գտնիլ։
- 14Գաղտնի ընծան բարկութիւնը կ’հանգցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը։
- 15Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց սոսկում՝ չարագործների համար։
- 16Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կ’իջնէ։
- 17Կարօտութիւն կ’ունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։
- 18Արդարի համար անզգամը փրկանք կ’դառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը։
- 19Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։
- 20Ցանկալի գանձ եւ իւղ կ’գտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կ’տայ նորան։
- 21Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կ’գտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։
- 22Իմաստունը վեր կ’ելնէ զօրաւորների քաղաքը, եւ կ’կործանէ նորանց ապաւինած ամրութիւնը։
- 23Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ’պահէ։
- 24Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։
- 25Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. Որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել։
- 26Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում։
- 27Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն։
- 28Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կ’խօսէ։
- 29Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը։
- 30Չ’կայ իմաստութիւն, չ’կայ հանճար, չ’կայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ։
- 31Ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար. Բայց փրկութիւնը Տէրիցն է։