ԱՌԱԿԱՑ21
  • 1Թագաւորների սիրտը ջրի վտակների պէս է Տիրոջ ձեռքին, դէպի ուր որ էլ ուզենայ՝ կ’դարձնէ։
  • 2Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին. բայց սիրտերը կշռողը Տէրն է։
  • 3Արդարութիւն եւ իրաւունք գործելը Տիրոջ հաճելի է քան թէ զոհը։
  • 4Աչքերի ամբարտաւանութիւնը եւ սրտի հպարտութիւնը, որ ամբարիշտների լոյսն է, մեղք է։
  • 5Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. Բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում։
  • 6Ստախօս լեզուով գանձեր շինելը մահը որոնողների փախստական ունայնութիւնն է։
  • 7Ամբարիշտների բռնութիւնը քարշ կ’տայ իրանց. Որովհետեւ չեն ուզում իրաւունք անել։
  • 8Ծռմռած է յանցաւոր մարդի ճանապարհը, բայց մաքուրի գործն ուղիղ է։
  • 9Լաւ է կտուրի մի անկիւնումը բնակուել, քան թէ կռուասէր կնոջ հետ ընկերովի՝ տան մէջ։
  • 10Անզգամի հոգին չարութիւն է ցանկանում, նորա ընկերը նորա աչքի առաջին շնորհք չի գտնիլ։
  • 11Ծաղրողը տուժելիս միամիտը կ’իմաստնանայ, եւ իմաստունը կրթուելիս՝ գիտութիւն կ’ստանայ։
  • 12Արդար Աստուածը դիտում է ամբարշտի տան վերայ, նա գցում է ամբարիշտներին չարիքի մէջ՝՝։
  • 13Ով որ խցկէ աղքատի աղաղակի դէմ իր ականջը, ինքն էլ կ’կանչէ, եւ պատասխան չի գտնիլ։
  • 14Գաղտնի ընծան բարկութիւնը կ’հանգցնէ, եւ ծոցի պարգեւը՝ սաստիկ ցասումը։
  • 15Ուրախութիւն է արդարի համար իրաւունք անելը, բայց սոսկում՝ չարագործների համար։
  • 16Մարդ որ մոլորվում է խոհեմութեան ճանապարհից, ուրուականների ժողովքի մէջ կ’իջնէ։
  • 17Կարօտութիւն կ’ունենայ այն մարդը որ ուրախութիւն է սիրում, գինի ու իւղ սիրողը չի հարստանալ։
  • 18Արդարի համար անզգամը փրկանք կ’դառնայ, եւ ուղիղների փոխարէն՝ անօրէնը։
  • 19Լաւ է բնակուել ամայի երկրում, քան թէ կռուասէր եւ բարկացոտ կնոջ հետ։
  • 20Ցանկալի գանձ եւ իւղ կ’գտնուի իմաստունի բնակարանումը, բայց յիմարը կուլ կ’տայ նորան։
  • 21Արդարութեան եւ ողորմածութեան հետեւողը կ’գտնէ կեանք, արդարութիւն եւ պատիւ։
  • 23Ով որ զսպէ իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղութիւններից կ’պահէ։
  • 24Ամբարտաւան լիրբի անունը Ծաղրող է, որ յանդգնութեամբ լրբութիւն է անում։
  • 25Ծոյլի ցանկութիւնը սպանում է նորան. Որովհետեւ նորա ձեռքերը չեն ուզում գործել։
  • 26Նա ամեն օր սաստիկ ցանկանում է, բայց արդարը տալիս է եւ չէ խնայում։
  • 27Ամբարիշտների զոհը պիղծ է. Մանաւանդ երբոր չար խորհրդով մատուցանեն։
  • 28Ստախօս վկան պիտի կորչի, բայց նա, որ ինքը լսել է, միշտ կ’խօսէ։
  • 29Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը, բայց նա՝ որ ուղիղ է, քննում է իր ճանապարհը։
  • 30Չ’կայ իմաստութիւն, չ’կայ հանճար, չ’կայ նաեւ մի խորհուրդ Տիրոջ դէմ։
  • 31Ձի է պատրաստվում պատերազմի օրուայ համար. Բայց փրկութիւնը Տէրիցն է։
← Ցանկ