ԱՌԱԿԱՑ2
- 1Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
- 2Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
- 3Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
- 4Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
- 5Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։
- 6Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։
- 7Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.
- 8Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։
- 9Այն ժամանակ կ’հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։
- 10Որովհետեւ իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին։
- 11Խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ.
- 12Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,
- 13Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.
- 14Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.
- 15Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։
- 16Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.
- 17Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։
- 18Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։
- 19Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։
- 20Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։
- 21Որովհետեւ ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։
- 22Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից։