ԱՌԱԿԱՑ19
  • 1Լաւ է իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է։
  • 2Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կ’սահի։
  • 3Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ։
  • 4Ստացուածքը շատ բարեկամներ կ’աւելացնէ, բայց աղքատը կ’բաժանուի իր ընկերիցը։
  • 5Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ։
  • 6Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ ամենը բարեկամ են ընծայ տուողին։
  • 7Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից չ’հեռանան նորա բարեկամները. Նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են։
  • 8Խելք աշխատողը իր հոգին սիրում, խոհեմութիւնը պահողը բարիք կ’գտնէ։
  • 9Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կ’կորչի։
  • 10Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել։
  • 11Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է։
  • 12Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցօղին պէս է։
  • 13Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շարունակուող կաթկաթոց է։
  • 14Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է։
  • 15Ծուլութիւնը կ’գցէ մրափի մէջ. Եւ թոյլ անձը կ’սովածանայ։
  • 16Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. Նորա ճանապարհները անարգողը կ’մեռնի։
  • 17Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը։
  • 18Խրատիր որդիիդ քանի որ յոյս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին։
  • 19Շատ բարկասիրտը վնաս կ’կրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես։
  • 20Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես։
  • 21Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կ’մնայ հաստատ։
  • 22Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը։
  • 23Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կ’պառկէ առանց չարիքի հանդիպելու։
  • 24Ծոյլը իր ձեռքը կ’կոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ։
  • 25Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը կ’խոհեմանայ. Եւ եթէ բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կ’սովորէ։
  • 26Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է։
  • 28Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կ’տայ։
  • 29Պատրաստ են ծաղր անողների համար դատաստաններ, եւ ծեծեր՝ յիմարների մէջքի համար։
← Ցանկ