ԱՌԱԿԱՑ17
  • 1Լաւ է մի չոր պատառը՝ խաղաղութիւնով, քան թէ մի տուն լիքը մորթուած ոչխար՝ կռիւով։
  • 2Իմաստուն ծառան կ’տիրէ նախատինք բերող որդիի վերայ. Եւ եղբայրների մէջ ժառանգութեան բաժին կ’առնէ։
  • 3Արծաթի համար հալոց կայ եւ ոսկիի համար՝ քուրայ, բայց սիրտերը քննողը Տէրն է։
  • 4Չարագործը ականջ է դնում անիրաւ շրթունքների, ստախօսը լսում է կորստական լեզուին։
  • 5Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում, ձախորդութեան վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ։
  • 6Ծերերի պսակը որդկանց որդիքն են, եւ որդկանց պարծանքը՝ իրանց հայրերը։
  • 7Տխմարին չի վայելիլ բարձրախօս շրթունքները, ո՞ւր մնաց որ ազնուականին՝ ստախօս շրթունքը։
  • 8Ընծան պատուական քար է ունեցողին համար. Ուր որ էլ դառնայ՝ յաջողվում է։
  • 9Յանցանքը ծածկողը բարեկամութիւն ուզող է, բայց խօսքը կրկնողը մտերիմ բարեկամներին կ’բաժանէ։
  • 10Յանդիմանութիւնը աւելի է ազդում խոհեմին, քան թէ հարիւր հարուածը՝ յիմարին։
  • 11Միշտ ապստամբութիւն է ուզում չարը, բայց մի անգութ պատգամաւոր կ’ուղարկուի նորան։
  • 12Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ։
  • 13Լաւութեան փոխարէն ով որ չարութիւն հատուցանէ նորա տանիցը չարիքը չի հեռանալ։
  • 15Անզգամին արդարացնողը, եւ արդարին անզգամ անողը, երկուսն էլ զզուելի են Տիրոջը։
  • 16Ի՞նչ պէտք է յիմարի ձեռքին իմաստութիւն առնելու գինը, քանի որ խելք չ’ունի։
  • 17Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած։
  • 18Պակասամիտ մարդը ձեռքը երաշխաւորութեան կ’տայ, եւ գրաւ կ’լինի իր ընկերի առաջին։
  • 19Յանցանքը սիրող է կռիւ սիրողը, իր դուռը բարձրացնողը կործանման է ման գալիս։
  • 20Ծուռ սրտի տէրը բարութիւն չի գտնիլ, եւ լեզուն ծռողը չարութեան մէջ կ’ընկնի։
  • 21Յիմարը տրտմութիւն է իր ծնողի համար, եւ տխմարի հայրը չի ուրախանալ։
  • 22Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կ’չորացնէ։
  • 23Ամբարիշտը կաշառքը ծոցիցն առնում է, որ ծռէ իրաւունքի ճանապարհները։
  • 24Իմաստութիւնը հասկացողի առաջին է, բայց յիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը։
  • 25Յիմար որդին տրտմութիւն է իր հօր համար, եւ դառնութիւն իր ծնողի համար։
  • 26Արդարի վերայ էլ տուգանք դնել լաւ չէ, նաեւ իշխաններին ծեծել՝ ուղղութեան համար։
  • 27Իր խօսքերը զսպողը գիտութիւն գիտէ. Եւ ծանրաբարոյ մարդը խոհեմ է։
  • 28Յիմարն էլ լռելով իմաստուն կ’համարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ։
← Ցանկ