ԱՌԱԿԱՑ16
- 1Մարդինն են սրտի տրամադրութիւնները, բայց Տէրիցն է լեզուի պատասխանը։
- 2Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին. Բայց Տէրն է հոգիները կշռողը։
- 3Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կ’հաստատուին քո խորհուրդները։
- 4Տէրն ստեղծել է ամեն իր նշանակութեան համար. Բայց ամբարշտին էլ՝ չար օրուայ համար։
- 5Տիրոջը զզուելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ՝՝ նորանք անմեղ չեն համարուելու։
- 6Ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ կ’քաւուի անօրէնութիւնը եւ Տիրոջ վախովը մարդ կ’հեռանայ չարիցը։
- 7Եթէ Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաեւ նորա թշնամիներին կ’հաշտեցնէ նորա հետ։
- 8Լաւ է քիչը արդարութիւնով, քան թէ շատ եկամուտներ՝ առանց իրաւունքի։
- 9Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը. բայց նորա քայլերը Տէրն է հաստատում։
- 10Պատգամ կայ թագաւորի շրթունքների վերայ, թող չ’սխալուի նորա բերանը դատաստանում։
- 11Իրաւացի կշռորդն ու կշիռը Տիրոջն է, նորա գործն են մախաղի բոլոր կշռաքարերը։
- 12Թագաւորներին զզուելի է չարագործութիւն, որովհետեւ աթոռը արդարութիւնով կ’հաստատուի։
- 13Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կ’սիրեն։
- 14Թագաւորի բարկութիւնը մահուան հրեշտակ է. Բայց իմաստուն մարդը նորան կ’մեղմացնէ։
- 15Թագաւորի երեսի զուարթութիւնը կեանք է, եւ նորա հաճութիւնը՝ վերջի անձրեւի ամպին նման։
- 16Իմաստութիւն շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է։
- 17Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կ’լինի։
- 18Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին։
- 19Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ։
- 20Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կ’գտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։
- 21Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կ’կոչուի. Եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը կ’աւելացնէ։
- 22Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։
- 23Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում։
- 24Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին։
- 25Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են։
- 26Աշխատող անձն իրան համար է աշխատում. Որովհետեւ բերանը պահանջում է նորանից։
- 27Անպիտան մարդը չարութիւն կ’փորէ. Եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։
- 28Խոտորնակ մարդը կռիւ կ’հնարէ, եւ քսուն մտերիմներին կ’բաժանէ։
- 29Անօրէն մարդը կ’խաբէ իր ընկերին, եւ նորան կ’տանէ չար ճանապարհով։
- 30Կ’խփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում։
- 31Փառաց պսակ է ալեւորութիւնը. Արդարութեան ճանապարհում կ’գտնուի։
- 32Երկայնամիտը զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը։
- 33Ծոցն է գցվում վիճակը, բայց Տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը։