ԱՌԱԿԱՑ12
- 1Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է։
- 2Բարին Տէրիցը շնորհք կ’ստանայ, բայց նենգաւոր մարդին նա կ’դատապարտէ։
- 3Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանիլ։
- 4Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։
- 5Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն։
- 6Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, բայց ուղիղների բերանն իրանց կ’ազատէ։
- 7Ամբարիշտները կ’կործանուին ու կ’չքանան. Բայց արդարների տունը կ’մնայ։
- 8Իր խոհեմութեան չափ կ’գովուի մարդս. բայց ծուռ սիրտ ունեցողը կ’անարգուի։
- 9Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը։
- 10Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են։
- 11Իր երկիրը գործողը կ’կշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է։
- 12Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կ’տայ։
- 13Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս։
- 14Մարդս իր բերանի պտուղներիցը կ’կշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կ’դառնայ իրան։
- 15Յիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։
- 16Յիմարի բարկութիւնը նոյն օրը կ’իմացուի. Բայց խորագէտը անարգանքը ծածկող է։
- 17Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կ’յայտնէ. Բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն։
- 18Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է։
- 19Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։
- 20Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. Բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն։
- 21Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։
- 22Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։
- 23Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կ’հրատարակէ։
- 24Աշխատասէրների ձեռքը կ’իշխէ, բայց ծոյլը հարկատու կ’լինի։
- 25Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ։
- 26Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին՝՝, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կ’մոլորեցնէ։
- 27Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է։
- 28Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չ’կայ։