ԱՌԱԿԱՑ12
  • 1Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է։
  • 3Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանիլ։
  • 4Առաքինի կինը իր մարդի պսակն է. Բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը։
  • 5Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն։
  • 6Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, բայց ուղիղների բերանն իրանց կ’ազատէ։
  • 7Ամբարիշտները կ’կործանուին ու կ’չքանան. Բայց արդարների տունը կ’մնայ։
  • 8Իր խոհեմութեան չափ կ’գովուի մարդս. բայց ծուռ սիրտ ունեցողը կ’անարգուի։
  • 9Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը։
  • 10Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են։
  • 11Իր երկիրը գործողը կ’կշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է։
  • 12Ամբարիշտը փափաքում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կ’տայ։
  • 13Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս։
  • 14Մարդս իր բերանի պտուղներիցը կ’կշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կ’դառնայ իրան։
  • 15Յիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։
  • 16Յիմարի բարկութիւնը նոյն օրը կ’իմացուի. Բայց խորագէտը անարգանքը ծածկող է։
  • 17Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կ’յայտնէ. Բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն։
  • 18Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. Բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է։
  • 19Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը։
  • 20Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. Բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն։
  • 21Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։
  • 22Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան։
  • 23Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կ’հրատարակէ։
  • 24Աշխատասէրների ձեռքը կ’իշխէ, բայց ծոյլը հարկատու կ’լինի։
  • 25Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ։
  • 26Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին՝՝, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կ’մոլորեցնէ։
  • 27Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է։
  • 28Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չ’կայ։
← Ցանկ