ԱՌԱԿԱՑ11
- 1Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. Բայց ուղիղ քարը նորան հաճելի է։
- 2Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. Բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ։
- 3Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կ’առաջնորդէ, բայց նենգաւորների ծռութիւնը նորանց կ’փչացնէ։
- 4Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կ’ազատէ մահից։
- 5Կատարեալների արդարութիւնը կ’ուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կ’ընկնի իր անզգամութեամբը։
- 6Ուղիղների արդարութիւնը նորանց կ’ազատէ. Բայց նենգաւորները ցանկութեան մէջ կ’բռնուին։
- 7Չարը մեռնելիս ակնկալութիւնը կ’փչանայ, եւ անօրէնների յոյսը կ’կորչի։
- 8Արդարը կ’ազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կ’գայ նորա տեղը։
- 9Կեղծաւորն իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին, բայց արդարները կ’ազատուին գիտութիւնով։
- 10Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կ’ուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կ’լինի։
- 11Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կ’բարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կ’կործանուի։
- 12Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կ’լռէ։
- 13Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կ’յայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կ’ծածկէ բանը։
- 14Առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի։
- 15Անշուշտ չարիքի կ’հանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է։
- 16Շնորհալի կինը պատիւ կ’ստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կ’յափշտակեն։
- 17Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ, բայց անգութ մարդը կ’տանջէ իր մարմինը։
- 18Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք։
- 19Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը։
- 20Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը։
- 21Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը՝՝, բայց արդարների սերունդը կ’ազատուի։
- 22Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չ’ունի։
- 23Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է։
- 24Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. Բայց չափիցը դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում։
- 25Օրհնութիւն տուող անձը կ’գիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կ’ոռոգուի։
- 26Ցորենը ետ պահողին կ’անիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կ’տայ ծախողի գլխին։
- 27Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. Բայց չարութիւն ուզողը կ’հանդիպէ նորան։
- 28Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի, բայց արդարները կ’ծաղկեն դալարի պէս։
- 29Իր տունը տանջողը քամի կ’ժառանգէ, եւ յիմարը կ’ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին։
- 30Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն։
- 31Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. Ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը։