ԱՌԱԿԱՑ10
- 1Սողոմոնի առակները։ Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
- 2Անօրէնութեան գանձերը օգուտ չ’ունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։
- 3Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։
- 4Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։
- 5Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։
- 6Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը։
- 7Արդարների յիշատակը օրհնուած կ’լինի, բայց ամբարիշտների անունը կ’փտի.
- 8Իմաստուն սիրտ ունեցողը կ’ընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի։
- 9Կատարելութեամբ վարուողը ապահով կ’գնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կ’ճանաչուի։
- 10Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կ’կործանուի։
- 11Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կ’խցկէ ամբարիշտների բերանը։
- 12Ատելութիւնը կռիւներ կ’քրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կ’ծածկէ։
- 13Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կ’գտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։
- 14Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։
- 15Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։
- 16Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։
- 17Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։
- 18Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։
- 19Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։
- 20Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։
- 21Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։
- 22Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։
- 23Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։
- 24Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։
- 25Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.
- 26Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։
- 27Տիրոջ երկիւղը կ’աւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կ’կարճանան։
- 28Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կ’կորչի։
- 29Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։
- 30Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։
- 31Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
- 32Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։