ԵԼԻՑ6
  • 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Հիմա կ’տեսնես թէ Փարաւօնին ինչ կ’անեմ. Որ հզօր ձեռքով թող կ’տայ նորանց, եւ հզօր ձեռքով դուրս կ’անէ նորանց իր երկրիցը։
  • 2Եւ Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասեց նորան. Ես եմ Եհովան։
  • 3Եւ երեւեցայ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին Ամենակարող Աստուծոյ անունով, բայց իմ Եհովայ անունովը նորանց չ’յայտնուեցայ։
  • 4Նաեւ նորանց հետ իմ ուխտը հաստատեցի, որ նորանց տամ Քանանի երկիրը, նորանց պանդխտութեան երկիրը ուր որ պանդխտացան։
  • 5Եւ լսեցի էլ Իսրայէլի որդիների հառաչանքը, որ Եգիպտացիները ծառայեցնում են նորանց. Եւ յիշեցի իմ ուխտը։
  • 6Նորա համար Իսրայէլի որդիներին ասիր. Ես եմ Եհովան. Եւ ես ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը կ’հանեմ, եւ ձեզ նորանց ծառայութիւնիցը կ’ազատեմ, եւ կ’փրկեմ ձեզ մեկնած բազուկով եւ մեծ դատաստաններով։
  • 7Եւ ձեզ ինձ համար ժողովուրդ վեր կ’առնեմ եւ ձեզ համար Աստուած կ’լինիմ. Եւ պիտի գիտենաք որ ես եմ Եհովան ձեր Աստուածը՝ ձեզ Եգիպտացիների ծանր գործքերի տակիցը հանողը։
  • 8Եւ ձեզ այն երկիրը կ’տանեմ, որի համար իմ ձեռքը բարձրացրի որ տամ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, եւ ձեզ կ’տամ ժառանգութիւն լինելու Ես՝ Եհովաս։
  • 9Եւ Մովսէսն Իսրայէլի որդիների հետ այսպէս խօսեց. Բայց նորանք հոգու նեղութիւնից եւ գործի ծանրութիւնից չ’լսեցին Մովսէսին։
  • 10Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 11Մտիր խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, որ Իսրայէլի որդիքն իր երկրիցն արձակէ։
  • 12Եւ Մովսէսը խօսեց Եհովայի առաջին ասելով. Ահա Իսրայէլի որդիքը ինձ չեն լսում, ապա Փարաւօնը ինձ ի՞նչպէս կ’լսէ. Որ ես ծանրալեզու եմ։
  • 13Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ, եւ հրաման տուաւ նորանց Իսրայէլի որդիների եւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի մասին՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսի երկրիցը հանելու համար։
  • 14Սորանք են նորանց հայրերի տների գլուխները. Իսրայէլի անդրանիկ Ռուբէնի որդիքը՝ Ենովք, Փաղղուս, Եսրոն եւ Քարմի. Սորանք են Ռուբէնի տոհմերը։
  • 15Եւ Շմաւոնի որդիքը՝ Յամուէլ, եւ Յամին եւ Ոհադ եւ Յաքին եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին՝ Սաւուղ. Սորանք են Շմաւոնի տոհմերը։
  • 16Եւ սորանք են Ղեւիի որդիների անունները իրանց ծնունդների համեմատ՝ Գերսոն եւ Կահաթ եւ Մերարի։ Եւ Ղեւիի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։
  • 17Գերսոնի որդիքը իրանց տոհմերի համեմատ՝ Ղոբենի եւ Սեմէի էին։
  • 18Եւ Կահաթի որդիքը Ամրամ եւ Իսահառ եւ Քեբրոն ու Ոզիէլ։ Եւ Կահաթի կեանքի տարիները հարիւր երեսունեւերեք տարի եղան։
  • 19Եւ Մերարիի որդիքը՝ Մոողի եւ Մուսի. Սորանք են Ղեւիի տոհմերը իրանց ծնունդների համեմատ։
  • 20Եւ Ամրամն իր հօրաքոյր Յոքաբեդն իրան համար կին առաւ, եւ նա ծնեց նորա համար Ահարօնին եւ Մովսէսին։ Եւ Ամրամի կեանքի տարիները հարիւր երեսունեւեօթը տարի եղան։
  • 21Եւ Իսահառի որդիքը՝ Կորխ եւ Նափէկ եւ Զեքրի։
  • 22Եւ Ոզիէլի որդիքը՝ Միսայէլ եւ Եղիսափան եւ Սեթրի։
  • 23Եւ Ահարօնն իր համար կին առաւ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քոյր Եղիսաբեթին, եւ նա ծնեց նորա համար Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։
  • 24Եւ Կորխի որդիքը՝ Ասիր եւ Եղկանա եւ Աբիասափ. Սորանք են Կորխեցիների տոհմերը։
  • 25Եւ Ահարոնի որդի Եղիազարը Փուտիէլի աղջիկներից իր համար կին առաւ. Եւ նա ծնեց նորա համար Փենէհէսին, սորանք են Ղեւտացիների հայրերի գլուխներն իրանց տոհմերի համեմատ։
  • 26Սորանք են Ահարօնը եւ Մովսէսը, որոնց Եհովան ասեց. Հանեցէք Իսրայէլի որդիքն իրանց զօրքերովը Եգիպտոսի երկրիցը։
  • 27Սորանք են Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանելու համար Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ խօսողները. Այս Մովսէսը եւ Ահարօնը։
  • 28Եւ եղաւ այն օրը որ Եհովան խօսեց Մովսէսի հետ Եգիպտոսի երկրումը,
  • 29Այն ժամանակ Եհովան Մովսէսի հետ խօսեց ասելով. Ես եմ Եհովան, խօսիր Եգիպտոսի Փարաւօն թագաւորի հետ, ամեն ինչ որ քեզ ասում եմ։
  • 30Եւ Մովսէսը Եհովայի առաջին ասեց. Ահա ես ծանրալեզու եմ, եւ Փարաւօնն ի՞նչպէս կ’լսէ ինձ։
← Ցանկ