ԵԼԻՑ40
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Առաջին ամսուայ առաջին օրը կանգնեցրու խորանը՝ այսինքն ժողովքի վրանը։
  • 3Եւ նորա մէջ դնես վկայութեան տապանակը, եւ վարագոյրովը ծածկես տապանակը։
  • 4Եւ սեղանը ներս բերես, եւ նորա վերայ շարուելու հացերը շարես. Եւ աշտանակը ներս բերես, եւ նորա ճրագները վառես։
  • 5Եւ վկայութեան տապանակի առաջին դնես խունկի ոսկի սեղանը. Եւ խորանի դրանը դնես սրահակը։
  • 6Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրանը առաջին դնես ողջակէզի սեղանը։
  • 7Եւ աւազանը դնես ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը եւ նորա մէջը ջուր ածես։
  • 8Եւ շուրջանակի սրահը կանգնեցնես, եւ սրահի դրանը վարագոյրը դնես։
  • 9Եւ օծման իւղը առնես, եւ խորանը եւ նորա մէջ եղած բոլոր բաները օծես. Եւ սրբես նորան եւ նորա բոլոր անօթները, որ սուրբ լինին։
  • 10Եւ օծես ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները, եւ սրբես սեղանը. Եւ սեղանը ամենասուրբ լինի։
  • 11Եւ օծես աւազանը եւ նորա խարիսխը եւ սրբես նորան։
  • 12Եւ Ահարօնին եւ նորա որդկանցը մօտեցնես ժողովքի խորանի դրանը, եւ ջրով լուանաս նորանց։
  • 13Եւ Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ։
  • 14Եւ նորա որդկանցն էլ մօտեցնես, եւ շապիկներ հագցնես նորանց։
  • 15Եւ նորանց էլ օծես ինչպէս որ օծեցիր նորանց հօրը, որ ինձ քահանայութիւն անեն. Եւ նորանց օծումը իրանց ազգերի մէջ յաւիտենական քահանայութեան համար լինի։
  • 16Եւ Մովսէսն արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. Այնպէս արաւ։
  • 17Եւ եղաւ որ երկրորդ տարին՝ առաջին ամսուայ առաջին օրը խորանը կանգնուեցաւ։
  • 18Եւ Մովսէսը կանգնեցրեց խորանը, եւ նորա խարիսխները դրաւ, եւ կանգնեցրեց նորա տախտակները, եւ նորա նիգերը անցկացրեց, եւ սիւները կանգնեցրեց։
  • 19Եւ խորանի վերայ տարածեց վրանը, եւ վրանի ծածկոցը նորա վերայ դրաւ վերեւիցը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 21Եւ տապանակը խորանի մէջը բերաւ, եւ ծածկող վարագոյրը դրաւ, եւ վկայութեան տապանակը ծածկեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 22Եւ սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմիցը վարագոյրիցը դուրս.
  • 23Եւ նորա վերայ շարուելու հացերը շարեց Եհովայի առաջին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 24Եւ աշտանակը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմին։
  • 25Եւ Եհովայի առջեւի ճրագները վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 26Եւ ոսկի սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ վարագոյրի առաջին.
  • 27Եւ նորա վերայ անուշահոտ խունկ ծխեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 28Եւ խորանի դրանը դրաւ սրահակը։
  • 29Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանը դրան մօտ դրաւ ողջակէզի սեղանը. Եւ նորա վերայ ողջակէզն ու հացի ընծան մատուցրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 30Եւ աւազանը դրաւ ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը, եւ նորա մէջը լուացուելու համար ջուր ածեց։
  • 31Եւ նորանից լուանում էին Մովսէսը եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը եւ ոտքերը.
  • 32Ժողովքի վրանը մտնելիս, եւ սեղանին մօտենալիս լուանում էին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 33Եւ խորանի ու սեղանի շուրջը սրահը կանգնեցրեց, եւ սրահի դրանը վարագոյրը դրաւ։ Այսպէս Մովսէսը բոլոր գործը վերջացրեց։
  • 34Եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. Եւ Եհովայի փառքը լցրեց խորանը։
  • 35Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. Որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը։
  • 36Եւ ամպը խորանի վերայից վերանալիս Իսրայէլի որդիքը չուում էին իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։
  • 37Եւ եթէ ամպը չէր վերանում, չէին չուում մինչեւ նորա վերանալու օրը։
  • 38Որովհետեւ Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։
← Ցանկ