ԵԼԻՑ39
- 1Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից շինեցին պաշտօնի հանդերձները՝ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար. Եւ Ահարօնի համար սուրբ զգեստները շինեցին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 2Եւ եփուդը շինեց ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։
- 3Եւ ոսկի թիթեղները ծեծեցին, եւ թել թել կտրեցին, որ կապուտակի, ծիրանեգոյնի եւ կրկնակի կարմիրի եւ բարակ քթանի հետ ճարտար ոստայնագործ բանեցնեն։
- 4Ագուցիկ թիկունքներ շինեցին նորան. Երկու ծայրիցը կոճակվում էր։
- 5Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը հէնց իրանից էր՝ նորա գործքի համեմատ, ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից՝ ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 6Եւ շինեցին եղնգնաքարերը ոսկի խորշերի մէջ ընդելուզուած և փորագրուած կնիք քանդակողների արհեստի համեմատ Իսրայէլի որդիների անուններովը։
- 7Եւ դրաւ նորանց եփուդի թիկունքների վերայ, իբրեւ յիշատակի քարեր Իսրայէլի որդիների համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 8Եւ լանջապանակը շինեց ճարտար ոստայնագործ եփուդի գործի պէս ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։
- 9Քառակուսի՝ երկու տակ ծալուող շինեցին լանջապանակը. Մէկ թիզ նորա երկայնութիւնը եւ մէկ թիզ լայնութիւնը՝ երկու տակ ծալուող.
- 10Եւ նորա վերայ ընդելուզեցին չորս կարգ քարեր. Սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը առաջին կարգն էր։
- 11Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ ադամանդ էր.
- 12Եւ երրորդ կարգն էր՝ գոճազմ, ակատ եւ սուտակ։
- 13Եւ չորրորդ կարգը ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս. Ոսկի խորշերի մէջ ընդելուզուած էին։
- 14Եւ քարերը՝ Իսրայէլի որդիների անունների համեմատ, նորանց անունների պէս տասնեւերկու էին քանդակուած կնիքի պէս՝ ամեն մէկն իր անունովը տասնեւերկու ցեղերի համեմատ։
- 15Եւ լանջապանակի վերայ մաքուր ոսկուց ոլորուած հիւսուած շղթաներ շինեցին։
- 16Եւ երկու ոսկի խորշ եւ երկու ոսկի օղակ շինեցին. Եւ երկու օղակները լանջապանակի երկու ծայրերին դրին։
- 17Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացրին։
- 18Եւ այն երկու շղթաների միւս երկու ծայրերը այն երկու խորշերին անցկացրին. Եւ եփուդի թիկունքների վերայ դրին նորանց նորա առաջին։
- 19Եւ երկու ոսկի օղակներ էլ շինեցին, եւ լանջապանակի ներսի կողմից եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դրին։
- 20Եւ ուրիշ երկու ոսկի օղակներ շինեցին, եւ դրին նորանց եփուդի երկու թիկունքների տակիցը՝ եւ նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից։
- 21Եւ լանջապանակը կապեցին իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայից չ’բաժանուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 22Եւ եփուդի պատմուճանը ոստայնագործ շինեց բոլորովին կապուտակից.
- 23Եւ պատմուճանի ճեղքուածքը նորա մէջտեղը զրահի ճեղքուածքի պէս. և ճեղքուածքի շուրջը մի օձիք կար, որ չ’պատառուի։
- 24Եւ պատմուճանի քղանցքներին նռներ շինեցին կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից՝ մանուած։
- 25Եւ մաքուր ոսկուց զանգակներ շինեցին, եւ զանգակները դրին նռների մէջտեղերը պատմուճանի քղանցքների վերայ՝ շուրջանակի նռների մէջտեղերը.
- 26Մէկ զանգակ եւ մէկ նուռ պատմուճանի քղանցքների վերայ շուրջանակի պաշտօնի համար, ինչպէս Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 27Եւ շապիկները բարակ քթանից հիւսկէն գործ շինեցին Ահարօնի եւ նորա որդիների համար.
- 28Եւ խոյրը բարակ քթանից՝ եւ գլխարկի ապարօշները բարակ քթանից եւ կտաւեղէն անդրավարտիկները մանած բարակ քթանից,
- 29Եւ գօտին մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նկարագործ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 30Եւ սուրբ պսակի թիթեղը մաքուր ոսկուց շինեցին, եւ նորա վերայ փորագրեցին կնիք քանդակողի պէս ԳՕԴԵՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ.
- 31Եւ նորան անցկացրին մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ վերեւիցը խոյրի վերայ դրուի, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 32Եւ վերջացաւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի բոլոր գործը. Եւ Իսրայէլի որդիքն արին բոլորը ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր. Այնպէս արին։
- 33Եւ խորանը Մովսէսի մօտ բերին, վրանը եւ նորա բոլոր գործիքները, նորա ճարմանդները, նորա տախտակները, նորա նիգերը եւ նորա սիւներն ու խարիսխները,
- 34Եւ կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոցը, եւ թեհաշի մորթերից եղած ծածկոցը, եւ ծածկող վարագոյրը,
- 35Վկայութեան տապանակը եւ նորա ձողերը, եւ քաւութիւնը,
- 36Սեղանը եւ նորա բոլոր անօթները եւ առաջաւորութեան հացը,
- 37Մաքուր աշտանակը իր ճրագներով, այսինքն կարգաւ դրուած ճրագներովը եւ իր բոլոր գործիքներովը. Եւ լոյսի իւղը,
- 38Եւ ոսկի սեղանը. Եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի սրահակը,
- 39Պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը,
- 40Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները, եւ սրահի դրան վարագոյրը, նորա չուանները եւ ցիցերը, եւ խորանի այսինքն ժողովքի վրանի պաշտօնի համար եղած բոլոր կարասիքը.
- 41Սրբարանի մէջ պաշտելու համար՝ պաշտօնի հանդերձները, եւ Ահարօն քահանայի համար սուրբ զգեստները եւ նորա որդկանց զգեստները, որ քահանայութիւն անեն։
- 42Ինչպէս որ Եհովան բոլորը Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին Իսրայէլի որդիքը բոլոր գործը։
- 43Եւ Մովսէսը նայեց բոլոր շինուածքին. Եւ ահա արել էին նորան ինչպէս որ Եհովան պատուիրել էր, այնպէս էին արել. Եւ Մովսէսը օրհնեց նորանց։