ԵԼԻՑ38
  • 1Եւ շինեց ողջակէզի սեղանը Սատիմի փայտից. Նորա երկայնութիւնը հինգ կանգուն՝ եւ նորա լայնութիւնը հինգ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն։
  • 2Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւններին շինեց, նորա եղջիւրներն իրանից էին. Եւ պղնձով պատեց նորան։
  • 3Եւ սեղանի բոլոր գործիքները՝ այսինքն թաղարները եւ թիակները եւ կոնքերը և մսահանները ու կրակի ամանները շինեց. Նորա բոլոր գործիքները շինեց պղնձից։
  • 4Եւ սեղանի համար՝ մի ցանցակերպ գահաւորակ շինեց պղնձից նորա շրջանակի տակ ներքեւիցը մինչեւ նորա կէսը։
  • 5Եւ այն պղնձի գահաւորակի չորս անկիւններին չորս օղակներ ձուլեց ձողերին տեղեր լինելու համար։
  • 6Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից եւ պղնձով պատեց նորանց։
  • 7Եւ ձողերը սեղանի մօտ եղած օղակներին անցկացրեց, որ նա նորանցով վեր առնուի՝ մէջը դարտակ եւ տախտակներից շինեց նորան։
  • 8Եւ պղնձի աւազանը եւ նորա պղնձի խարիսխը շինեց ժողովքի խորանի դրանը խումբերով ժողովուող կանանց հայելիներից։
  • 9Եւ սրահը շինեց. Հարաւային կողմի համար դէպի հարաւ սրահի առագաստները մանած բարակ քթանից հարիւր կանգուն.
  • 10Նորանց սիւները քսան՝ եւ նորանց պղնձի խարիսխները քսան. Սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։
  • 11Եւ հիւսիսային կողմի համար հարիւր կանգուն, սիւները քսան եւ նորանց խարիսխները քսան՝ պղնձից. Սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։
  • 12Եւ արեւմտեան կողմի համար՝ առագաստները յիսուն կանգուն. Նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասն էին. Սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին։
  • 13Եւ արեւելեան կողմի համար դէպի արեւելք յիսուն կանգուն։
  • 14Մէկ կողմի առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ ու նորանց խարիսխները երեք։
  • 15Եւ միւս կողմի համար էլ՝ այսինքն սրահի դրանը այս կողմից եւ միւս կողմից առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք էին։
  • 16Սրահի բոլոր առագաստները շուրջանակի մանած բարակ քթանից էին։
  • 17Եւ սիւների խարիսխները պղնձից՝ սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ՝ եւ սրահի բոլոր սիւներն էլ արծաթի կարթերով էին։
  • 18Եւ սրահի դրան վարագոյրը նկարագործ էր, կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից՝ ու մանած բարակ քթանից. Երկայնութիւնը քսան կանգուն՝ եւ լայնութեան միջի բարձրութիւնը հինգ կանգուն էր սրահի վարագոյրների համեմատ։
  • 19Եւ նորանց սիւները չորս՝ եւ նորանց պղնձի խարիսխները չորս, նորանց բեւեռները արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ եւ կարթերը արծաթի էին։
  • 20Եւ խորանի ու շուրջանակի սրահի բոլոր ցիցերը պղնձի էին։
  • 21Այս է խորանի՝ այսինքն վկայութեան խորանի հաշիւը. Որ Մովսէսի պատուիրածին պէս՝ Ղեւտացիների պաշտօնի համար Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը հաշուեցաւ։
  • 22Եւ Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլն Յուդայի ցեղիցն՝ արաւ այն ամենը որ Եհովան Մովսէսին պատուիրեց։
  • 23Եւ նորա հետ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբ քանդակագործը եւ ճարտարագէտը՝ կապուտակով եւ ծիրանեգոյնով եւ կրկնակի կարմիրով ու բարակ քթանով նկարագործողը։
  • 24Բոլոր ոսկին որ այս շինուածքի համար գործածուեցաւ, այսինքն սրբարանի բոլոր շինուածքի համար նուիրուած ոսկին՝ քսանեւինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ։
  • 25Եւ ժողովքի համարուողների արծաթը՝ հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ։
  • 27Եւ գնաց հարիւր տաղանդ արծաթը սրբարանի խարիսխները եւ վարագոյրի խարիսխները ձուլելու համար հարիւր տաղանդից հարիւր խարիսխ՝ մէկ տաղանդը մէկ խարիսխի։
  • 28Եւ այն հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ արծաթիցը շինեց սիւների բեւեռները, եւ նորանց խոյակները պատեց, եւ կարթեց նորանց։
  • 29Եւ նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ ու երկու հազար չորս հարիւր սիկղ էր։
  • 30Եւ նորանից շինեց ժողովքի խորանի դրան խարիսխները եւ պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը եւ սեղանի բոլոր գործիքները,
  • 31Եւ շուրջանակի սրահի խարիսխները եւ սրահի դրան խարիսխները եւ խորանի բոլոր ցիցերը եւ շուրջանակի սրահի բոլոր ցիցերը։
← Ցանկ