ԵԼԻՑ35
  • 1Եւ Մովսէսը ժողովեց Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը, եւ ասեց նորանց. Սորանք են այն բաները որ Եհովան պատուիրեց որ անէք նորանց։
  • 2Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը սուրբ լինի ձեզ համար՝ այսինքն հանգստութեան շաբաթ Եհովայի համար. Այն օրը գործ գործողը պիտի մեռցնուի.
  • 3Շաբաթ օրը ձեր բոլոր բնակարաններումը կրակ չ’վառէք։
  • 4Եւ Մովսէսը խօսեց Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ ասելով. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.
  • 5Ձեր միջիցն ընծայ առէք Եհովայի համար. ով որ սրտով կ’յօժարուի՝ թող Եհովային ընծան բերէ, ոսկի եւ արծաթ եւ պղինձ,
  • 6Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան եւ այծի մազ,
  • 7Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր եւ Սատիմի փայտեր,
  • 8Եւ լոյսի համար իւղ, եւ համեմներ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար,
  • 9Եւ եղնգնաքարեր եւ ընդելուզանելու քարեր եփուդի համար եւ լանջապանակի համար։
  • 10Եւ ձեզանում ամեն սրտով իմաստուն եղողները թող գան, եւ շինեն Եհովայի բոլոր պատուիրած բաները,
  • 11Խորանը, նորա վրանը, եւ նորա ծածկոցը, նորա ճարմանդները, եւ նորա տախտակները, նորա նիգերը, նորա սիւները եւ նորա խարիսխները,
  • 12Տապանակը եւ նորա ձողերը, քաւութիւնը, եւ ծածկող վարագոյրը,
  • 13Եւ սեղանը եւ նորա ձողերը եւ նորա բոլոր անօթները, եւ առաջաւորութեան հացը,
  • 14Եւ լոյսի աշտանակը եւ նորա գործիքները եւ նորա ճրագները եւ լոյսի իւղը,
  • 15Եւ խունկի սեղանը եւ նորա ձողերը, եւ օծման իւղը, եւ անուշահոտ խունկը, եւ խորանի դրան սրահակը,
  • 16Ողջակէզի սեղանը եւ նորա պղնձի ցանցակերպ գահաւորակը, նորա ձողերը եւ նորա բոլոր գործիքները, աւազանը եւ նորա խարիսխը,
  • 17Սրահի առագաստները, նորա սիւները եւ խարիսխները եւ սրահի դրան վարագոյրը,
  • 18Խորանի ցիցերը եւ սրահի ցիցերը եւ նորանց չուանները,
  • 19Պաշտօնի զգեստները՝ սրբարանումը պաշտելու համար, և Ահարօն քահանայի սուրբ զգեստները եւ նորա որդիների զգեստները, որ քահանայութիւն անեն։
  • 20Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը Մովսէսի առաջին գնացին։
  • 21Եւ ամեն յօժարասիրտ եղողը եւ ամեն բոլոր հոգով կամեցողը եկան, եւ ժողովքի խորանի գործի համար՝ եւ նորա բոլոր պաշտօնի համար՝ եւ սուրբ զգեստների համար Եհովային ընծան բերին։
  • 22Եւ եկան մարդիկ եւ կանայք՝ ամեն ով որ սրտով կամեցող կար, և բերին գինդեր եւ օղեր եւ մատանիներ եւ կշտապանակներ՝ ամեն տեսակ ոսկի զարդեր եւ ամեն ով որ ոսկի ընծայ ընծայեց Եհովային։
  • 23Եւ ամեն ով, որի մօտ որ գտնվում էր կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան եւ այծի մազ եւ կարմիր ներկուած խոյի մորթեր եւ թէհաշի մորթեր, բերին։
  • 24Ամեն արծաթ եւ պղինձ ընծայ տուողը՝ Եհովային ընծան բերաւ, եւ ամեն ով, որի մօտ որ գտնվում էր պաշտօնի ամեն գործի համար Սատիմի փայտեր, բերին։
  • 25Եւ ամեն սրտով իմաստուն եղող կանայքն իրանց ձեռքերովը մանեցին, եւ իրանց մանած կապուտակը, ծիրանեգոյնը, կրկնակի կարմիրը եւ բարակ քթանը բերին։
  • 26Եւ բոլոր սրտով փափաքող եւ յաջողակութիւն ունեցող կանայքը այծի մազ մանեցին։
  • 27Եւ իշխանները՝ եղնգնաքարեր, եւ եփուդի եւ լանջապանակի համար ընդելուզանելու քարեր բերին։
  • 28Նաեւ լոյսի համար՝ եւ օծման իւղի համար՝ եւ անուշահոտ խունկի համար՝ համեմներ եւ իւղ։
  • 29Ամեն մարդ եւ կին՝ որոնք յօժարութիւն ունէին բերելու ամեն կերպ գործի համար՝ որ Մովսէսի ձեռքովը պատուիրեց որ շինուի, Իսրայէլի որդիքը յօժարակամ ընծայ բերին Եհովային։
  • 30Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի որդիներին. Տեսէք, Եհովան Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին կանչեց Յուդայի ցեղիցը՝ անունովը։
  • 31Եւ լցրեց նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով՝ հանճարով՝ եւ գիտութիւնով՝ եւ ամեն կերպ ճարտարութիւնով,
  • 32Որ վարպետի գործեր հնարելով՝ ոսկու եւ արծաթի եւ պղնձի վերայ գործէ.
  • 33Եւ ընդելուզանելու համար քարեր քանդակէ. Եւ փայտեր քանդակէ եւ ամեն կերպ վարպետի գործ գործէ։
  • 34Եւ նորա սրտի մէջ դրաւ որ սովորեցնէ էլ, նորա էլ՝ եւ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբին էլ։
← Ցանկ