ԵԼԻՑ34
- 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Քեզ համար երկու քարի տախտակներ կոփիր առաջինների պէս. եւ այն տախտակների վերայ պիտի գրեմ այն խօսքերը, որ առաջի տախտակների վերայ էին, որոնք դու կոտրատեցիր։
- 2Եւ առաւօտուայ համար պատրաստ եղիր, եւ առաւօտանց Սինայ սարը ելիր եւ այնտեղ սարի գլխին իմ առաջին կանգնիր։
- 3Եւ ոչ մէկը վեր չ’ելնէ քեզ հետ, եւ ոչ մէկը չ’տեսնուի բոլոր սարի վերայ, եւ ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածէ այդ սարի ստորոտումը։
- 4Եւ նա երկու քարի տախտակներ կոփեց առաջիններին պէս, եւ Մովսէսն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ վեր ելաւ Սինայ սարը ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. Եւ երկու քարի տախտակներն իր ձեռքն առաւ։
- 5Եւ Եհովան ամպով իջաւ, եւ այնտեղ նորա մօտ կանգնեց. Եւ Եհովայի անունը կանչեց։
- 6Եւ Եհովան նորա առջեւիցն անցաւ, եւ կանչեց. Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով,
- 7Որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողնում. Որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը։
- 8Եւ Մովսէսը շտապելով մինչեւ գետինը խոնարհուեց եւ երկրպագութիւն արաւ,
- 9Եւ ասեց. Ով Տէր, աղաչում եմ՝ եթէ քո առաջին շնորհք գտայ, խնդրեմ թող իմ Տէրը մեզ հետ գնայ, որովհետեւ սա մի խստապարանոց ազգ է. Եւ ներիր մեր անօրէնութիւնը եւ մեր մեղքերը, եւ մեզ քո ժառանգութիւնը շինիր։
- 10Եւ Եհովան ասեց. Ահա ես ուխտ եմ դնում. Քո բոլոր ժողովրդի առաջին այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ բոլոր երկրի վերայ եւ բոլոր ազգերի մէջ չեն եղած. Եւ բոլոր ժողովուրդը՝ որի մէջ դու կաս, պիտի տեսնեն Եհովայի գործը. Որովհետեւ հիանալի է այն բանը՝ որ քեզանով պիտի անեմ։
- 11Միտքդ պահիր ինչ որ ես քեզ պատուիրում եմ այսօր. Ահա պիտի քշեմ քո առջեւից Ամօրհացին՝ Քանանացին եւ Քետացին եւ Փերեզացին՝ եւ Խեւացին եւ Յեբուսացին։
- 12Զգուշացիր, մի գուցէ քո գնալու երկրի բնակիչների հետ ուխտ դնես, որ նա քո մէջ որոգայթ չ’դառնայ.
- 13Այլ նորանց բագինները կործանէք, եւ նորանց կուռքերը փշրէք, եւ նորանց Աստարովթները կոտրատէք։
- 14Որովհետեւ ուրիշ աստուծոյ երկրպագութիւն պիտի չ’անես. Նորա համար որ Եհովայի անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստուած է նա։
- 15Մի գուցէ այն երկրի բնակիչների հետ ուխտ դնես, եւ նորանք իրանց աստուածների ետեւից գնալով պոռնկութիւն անելիս եւ իրանց աստուածներին զոհ անելիս քեզ կանչեն, եւ դու նորանց զոհիցն ուտես.
- 16Եւ առնես նորանց աղջիկներիցը քո որդիներին, եւ նորանց աղջիկներն իրանց աստուածների ետեւից գնալով՝ պոռնկութիւն անելիս քո որդիներին պոռնկութիւն անել տան՝ իրանց աստուածների ետեւից գնալ տալով։
- 17Ձուլածոյ աստուածներ չ’շինես քեզ համար։
- 18Բաղարջակերաց տօնը պահես. Եօթը օր բաղարջ ուտես ինչպէս որ պատուիրել եմ քեզ Աբիբ ամսուայ որոշ ժամանակին, որովհետեւ Աբիբ ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար։
- 19Ամեն մօր արգանդը բացողը իմն է. Եւ քո անասունների մէջ ամեն արու առաջինեկն էլ թէ արջառ լինի եւ թէ ոչխար, իմն է։
- 20Բայց էշի առաջինեկը գառնով փրկես. Եւ եթէ չ’փրկես, այն ժամանակ նորա վիզը կոտրես։ Քո որդկանց ամեն առաջինեկը փրկես. Եւ իմ առաջին ձեռնունայն չ’երեւան։
- 21Վեց օր պիտի գործես, եւ եօթներորդ օրը հանգստանաս վարուցանքին եւ հունձքին հանգստանաս։
- 22Եւ շաբաթների՝ այսինքն ցորենի հունձքի երախայրիների տօնը. Եւ տարուայ վերջը արմտիքները ժողովելու տօնը կատարես։
- 23Տարին երեք անգամ քո ամեն արու զաւակը Իսրայէլի Աստուած՝ Տէր Եհովայի առաջին երեւայ։
- 24Որովհետեւ քո առջեւից ազգերը պիտի քշեմ, եւ քո սահմանները պիտի ընդարձակեմ. Ոչ ոք քո երկրին պիտի չ’ցանկանայ՝ տարին երեք անգամ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու վեր ելած ժամանակդ։
- 25Իմ զոհի արիւնը խմորեալ հացի վերայ չ’թափես, եւ զատկի տօնի զոհը մինչեւ առաւօտ չ’մնայ։
- 26Քո երկրի երախայրիների առաջինները քո Եհովայ Աստուծոյ տունը բերես։ Ուլն իր մօր կաթի մէջ չ’եփես։
- 27Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս խօսքերը գրիր քեզ համար. Որովհետեւ այս խօսքերի համեմատ ուխտ դրի քեզ հետ եւ Իսրայէլի հետ։
- 28Եւ նա այնտեղ մնաց Եհովայի հետ քառասուն օր եւ քառասուն գիշեր, հաց չ’կերաւ՝ եւ ջուր չ’խմեց. Եւ տախտակների վերայ գրեց ուխտի խօսքերը՝ այսինքն տասը պատուիրանքները։
- 29Եւ եղաւ երբոր Մովսէսը Սինայ սարիցն իջնում էր, վկայութեան երկու տախտակները Մովսէսի ձեռքին էին սարիցն իջնելիս. Եւ Մովսէսը չ’գիտէր թէ իր երեսի մորթը լուսափայլում էր Եհովան իր հետ խօսելիս։
- 30Եւ Ահարօնն ու Իսրայէլի բոլոր որդիքը տեսան Մովսէսին, եւ ահա նորա երեսի մորթը լուսափայլ էր, եւ վախեցան նորան մօտենալու։
- 31Եւ Մովսէսը կանչեց նորանց, եւ Ահարօնը եւ ժողովքի բոլոր իշխանները նորա մօտ դարձան, եւ Մովսէսը խօսեց նորանց հետ։
- 32Եւ սորանից յետոյ Իսրայէլի բոլոր որդիքը մօտեցան. Եւ նա պատուիրեց նորանց ամեն ինչ որ Եհովան խօսել էր իր հետ Սինայ սարումը։
- 33Եւ Մովսէսը վերջացրեց նորանց հետ խօսելը եւ իր երեսին քօղ էր դրել։
- 34Բայց Մովսէսը Եհովայի առաջին նորա հետ խօսելու մտնելիս մինչեւ դուրս գալը քօղը վեր էր առնում եւ դուրս էր գալիս ու իրան պատուիրածը ասում էր Իսրայէլի որդիներին։
- 35Եւ Իսրայէլի որդիքը Մովսէսի երեսը տեսնում էին, որ Մովսէսի երեսի մորթը լուսափայլ էր. Եւ Մովսէսն իր երեսը քօղով ծածկում էր՝ մինչեւ Նորա հետ խօսելու մտնելը։