ԵԼԻՑ32
  • 1Եւ ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու, եւ Ահարօնի մօտ ժողովուեցաւ ժողովուրդը եւ ասեցին նորան. Վեր կաց մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան. Որովհետեւ այդ Մովսէս մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրիցը հանեց, չ’գիտենք թէ ինչ եղաւ նորան։
  • 2Եւ Ահարօնն ասեց նորանց. Ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջկերանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցէք, եւ ինձ մօտ բերէք։
  • 3Եւ բոլոր ժողովուրդն իրանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցին եւ Ահարօնի մօտ բերին։
  • 4Եւ նա առաւ նորանց ձեռքիցը եւ քանդակագործիով ձեւակերպեց նորան եւ շինեց մի ձուլածոյ որթ։ Եւ ասեցին. Սորանք են քո աստուածները՝ ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։
  • 5Եւ Ահարօնը տեսնելով նորա առաջին սեղան շինեց. Եւ Ահարօնը կանչել տուաւ՝ ասելով. Էգուց տօն է Եհովայի համար։
  • 6Եւ հետեւեալ առաւօտեան կանուխ վեր կացան, եւ ողջակէզներ մատուցրին, եւ խաղաղութեան զոհեր բերին. Եւ ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու եւ վեր կացան խաղալու։
  • 7Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա իջիր. Որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր.
  • 8Շուտով խոտորեցին այն ճանապարհիցը, որ իրանց պատուիրեցի. Իրանց համար ձուլածոյ որթ շինեցին, եւ նորան երկրպագութիւն արին, եւ նորան զոհեր մատուցրին, եւ ասեցին. Սորանք են քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին։
  • 9Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը տեսայ, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա։
  • 10Եւ հիմա թող տուր ինձ որ իմ բարկութիւնը նորանց վերայ բորբոքուի եւ փչացնեմ նորանց. Եւ քեզ մեծ ազգ շինեմ։
  • 11Եւ Մովսէսն իր Եհովայ Աստուծոյ առաջին աղաչեց, եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ քո բարկութիւնը բորբոքուի քո ժողովրդի վերայ, որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր մեծ զօրութիւնով եւ զօրաւոր ձեռքով։
  • 12Ինչո՞ւ համար Եգիպտացիք խօսեն եւ ասեն. Թէ Չարութեան համար հանեց նորանց, որ սարերումը մեռցնէ նորանց եւ երկրի երեսիցը փչացնէ նորանց. Դարձիր քո սաստիկ բարկութիւնիցը, եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վերայից։
  • 13Յիշիր քո ծառաներ՝ Աբրահամին, Իսահակին եւ Իսրայէլին, որոնց դու երդում արիր քո անձովը, եւ ասեցիր նորանց. Ձեր սերունդը երկնքի աստղերի պէս պիտի շատացնեմ, եւ բոլոր այս երկիրը՝ որի մասին խօսեցի, ձեր սերունդին պիտի տամ, ու պիտի ժառանգեն յաւիտեան։
  • 15Եւ Մովսէսը դարձաւ եւ սարիցն իջաւ, եւ վկայութեան երկու տախտակները ձեռքին էին. Տախտակներն երկու կողմերիցը գրուած էին. Այս կողմից եւ այն կողմից գրուած էին նորանք։
  • 16Եւ տախտակներն Աստուծոյ գործք էին, եւ գրուածքն Աստուծոյ գրուածք էր տախտակների վերայ փորագրուած։
  • 17Եւ Յեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս, եւ ասեց Մովսէսին. Պատերազմի ձայն կայ բանակումը։
  • 18Եւ նա ասեց. Սա յաղթութեան աղաղակի ձայն չէ, եւ պարտութեան աղաղակի ձայն չէ. Այլ խաղի ձայն եմ լսում ես։
  • 19Եւ եղաւ երբոր բանակին մօտեցաւ եւ տեսաւ որթը եւ պարելը, Մովսէսի բարկութիւնը բորբոքուեց, եւ տախտակներն իր ձեռքիցը շպրտեց. Եւ կոտրատեց նորանց սարի տակին։
  • 20Եւ առաւ նորանց շինած որթը եւ կրակով այրեց, եւ մանրեց մինչեւ որ փոշի արաւ, եւ ջրի վերայ ցանեց, եւ խմեցրեց Իսրայէլի որդիներին։
  • 21Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Այս ժողովուրդն ի՞նչ արաւ քեզ, որ նորանց վերայ բերիր այս մեծ մեղքը։
  • 22Եւ Ահարօնն ասեց. Թող իմ տիրոջ բարկութիւնը չ’բորբոքուի. դու գիտես այս ժողովրդին՝ որ չարին հակամիտեալ են.
  • 23Եւ ինձ ասեցին. Թէ՝ Մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան, որովհետեւ այս Մովսէս մարդը մեզ Եգիպտոսի երկրից հանողը՝ չ’գիտենք թէ նորան ինչ եղաւ։
  • 24Եւ ես ասեցի նորանց. Ով որ ոսկի ունի, թող հանէ, եւ բերեն ինձ մօտ. Եւ ես կրակը գցեցի այն եւ դուրս եկաւ այս որթը։
  • 25Եւ Մովսէսը տեսաւ ժողովուրդը որ անզուսպ է, (որովհետեւ Ահարօնը անզուսպ էր արել նորանց իրանց թշնամիների մէջ խայտառակ լինելու համար։)
  • 26Եւ Մովսէսը բանակի դրանը կանգնեց, եւ ասեց. Ով որ Եհովայինն է՝ ինձ մօտ գայ. Եւ Ղեւիի բոլոր որդիքը նորա մօտ ժողովուեցան։
  • 27Եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը. Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ։
  • 28Եւ Ղեւիի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին. Եւ այն օրը ժողովրդիցն երեք հազար մարդի չափ ընկան։
  • 29Որովհետեւ Մովսէսն ասեց. Այսօր ձեր ձեռքը լցրէք Եհովայի համար հէնց ամեն մէկն իր որդու վերայ՝ եւ իր եղբօր վերայ, որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր։
  • 30Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Մովսէսն ասեց ժողովրդին. Դուք մեծ մեղք գործեցիք. Եւ հիմա Եհովայի մօտ պիտի վեր գնամ, գուցէ քաւութիւն անեմ ձեր մեղքի համար։
  • 31Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ոհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, եւ իրանց համար ոսկի աստուածներ շինեցին։
  • 32Բայց հիմա եթէ նորանց մեղքերը ներես՝ ներիր, եթէ ոչ՝ աղաչում եմ ջնջիր ինձ քո գրած գրքիցը։
  • 33Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ով որ ինձ դէմ մեղանչել է, ես նորան կ’ջնջեմ իմ գրքիցը։
  • 34Իսկ հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, որ քեզ ասեցի. ահա իմ հրեշտակը կ’գնայ քո առաջին. Բայց այցելութիւն անելու օրս՝ նորանց մեղքը իրանց վերայ պիտի բերեմ։
  • 35Եւ Եհովան զարկեց ժողովրդին, այն իրանց շինած որթի համար որ Ահարօնը շինեց։
← Ցանկ