ԵԼԻՑ31
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Ահա կանչեցի անունով Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլին Յուդայի ցեղիցը.
  • 3Եւ լցրի նորան Աստուծոյ Հոգովը՝ իմաստութիւնով եւ հանճարով եւ գիտութիւնով եւ ամեն ճարտարութիւնով,
  • 4Որ վարպետի գործեր հնարէ՝ ոսկով եւ արծաթով եւ պղնձով գործելու համար.
  • 5Եւ քարեր քանդակել ընդելուզանելու համար եւ փայտեր քանդակել՝ ամեն կերպ արհեստով գործելու համար։
  • 6Եւ ես ահա նորա հետ տուի Աքիսամայի որդի Ոողիաբը Դանի ցեղիցը. Եւ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մէջ իմաստութիւն դրի, որ բոլոր քեզ պատուիրածս անեն.
  • 7Ժողովքի խորանը՝ եւ վկայութեան տապանակը եւ նորա վերայի քաւութիւնը՝ եւ խորանի բոլոր կարասիները,
  • 8Եւ սեղանը եւ նորա անօթները՝ եւ մաքուր աշտանակը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ խունկի սեղանը,
  • 9Եւ ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները՝ եւ աւազանը ու նորա խարիսխը,
  • 10Եւ պաշտօնի զգեստները՝ եւ Ահարօն քահանայի սուրբ զգեստները՝ եւ նորա որդիների զգեստները՝ քահանայութիւն անելու համար,
  • 11Եւ օծման իւղը՝ եւ սրբարանի համար անուշահոտ խունկը՝ բոլոր քեզ պատուիրածիս պէս կ’անեն։
  • 12Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ, եւ ասեց.
  • 13Եւ դու խօսիր Իսրայէլ որդիների հետ ասելով. Անպատճառ իմ շաբաթները պահէք. Որովհետեւ սա մի նշան է իմ եւ ձեր մէջտեղը ձեր ազգերի մէջ, որ գիտենաք, թէ ես եմ Եհովան ձեզ սուրբ անողը։
  • 15Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթը՝ սուրբ պիտի լինի Եհովայի համար. Ով որ հանգստութեան օրը մի գործ գործէ, անպատճառ պիտի մեռցնուի։
  • 16Եւ Իսրայէլի որդիքը պիտի պահեն շաբաթը, որ շաբաթը իրանց ազգերի մէջ յաւիտենական ուխտ անեն։
  • 17Նա յաւիտենական նշան է իմ եւ Իսրայէլի որդիների մէջ տեղը. Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ եօթներորդ օրը դադարեց եւ հանգստացաւ։
  • 18Եւ երբոր Սինա սարի վերայ Մովսէսի հետ խօսելը վերջացրեց, վկայութեան երկու տախտակները տուաւ նորան՝ քարի տախտակներ Աստուծոյ մատովը գրուած։
← Ցանկ