ԵԼԻՑ30
  • 1Եւ խունկ ծխելու սեղան շինես. Սատիմի փայտից շինես նորան։
  • 2Նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն. Քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն. Նորա եղջիւրները իրանից լինին։
  • 4Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինես. Պսակի տակիցը նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ շինես, որ նորանցով նորա վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինին։
  • 5Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես,
  • 6Եւ նորան դնես այն վարագոյրի առաջին, որ վկայութեան տապանակի դէմ է վկայութեան վերայի քաւութիւնի դիմացը այնտեղ ուր ես քեզ կ’հանդիպեմ։
  • 7Եւ Ահարօնը նորա վերայ անուշահոտ խունկ ծխէ. Ամեն առաւօտ ճրագները պատրաստելիս խունկ ծխէ։
  • 8Եւ Ահարօնը իրիկուայ դէմ ճրագները վառելիս խունկ ծխէ, որ Եհովայի առաջին մշտնջենաւոր խունկ լինի ձեր ազգերի մէջ։
  • 9Նորա վերայ օտար խունկ, կամ ողջակէզ, կամ հացի ընծայ չ’մատուցանէք, ոչ էլ նորա վերայ նուէր թափէք։
  • 10Եւ Ահարօնը տարին մէկ անգամ նորա եղջիւրների վերայ քաւութիւն անէ, քաւութիւնների մեղքի պատարագի արիւնովը տարին մէկ անգամ նորա վերայ քաւութիւն անէ ձեր ազգերի մէջ. Սա ամենասուրբ է Եհովայի համար։
  • 11Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 12Երբոր Իսրայէլի որդիների գումարը առնելու լինես՝ իրանց թիւին նայելով, այն ժամանակ նորանց ամեն մէկն իր անձի փրկանքը տայ Եհովային՝ դու նորանց հաշուելիս, որ նորանց մէջ հարուած չ’լինի նորանց հաշուելիս։
  • 13Այս պիտի տան՝ հաշուի տակ ամեն մէկ անցնողը կէս սիկղ արծաթ սրբարանի սիկղի համեմատ. մէկ սիկղը քսան կերատ է. Եհովայի ընծան կէս սիկղ լինի։
  • 14Ամեն հաշուի տակ անցնող քսան տարեկանը եւ էլ աւելին տայ Եհովայի ընծան։
  • 15Ոչ հարուստը աւելի՝ եւ ոչ աղքատը պակաս պիտի տայ կէս սիկղից ձեր անձերի համար քաւութիւն անելու համար Եհովային ընծայ տալիս։
  • 16Եւ առնես Իսրայէլի որդիներից քաւութեան արծաթը եւ ժողովքի խորանի պաշտօնին տաս այն, որ Եհովայի առաջին յիշատակ լինի Իսրայէլի որդիներին՝ ձեր անձերին քաւութիւն անելու համար։
  • 17Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 18Նաեւ մի պղնձի աւազան շինես լուացման համար, եւ նորա խարիսխն էլ պղնձի լինի. Եւ ժողովքի խորանի եւ սեղանի մէջտեղը դնես այն, եւ նորա մէջը ջուր լցնես։
  • 19Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան նորանից։
  • 20Ժողովքի խորանը մտնելիս ջրով լուացուին որ չ’մեռնեն՝ կամ սեղանին մօտենալիս, որ պաշտօն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցանեն։
  • 21Այսպէս իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան որ չ’մեռնեն. Եւ սա իրանց համար յաւիտենական կանոն լինի, թէ իր համար եւ թէ իր սերունդի համար իրանց ազգերի մէջ։
  • 22Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 23Առ քեզ մօտ գլխաւոր համեմներ, զուտ զմուռս հինգ հարիւր սիկղ, եւ նորա կէսի չափ՝ այսինքն երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ կինամոն, եւ երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ խունկեղէգն,
  • 24Եւ հինգ հարիւր սիկղ կասիայ սրբարանի սիկղի համեմատ, եւ մէկ հիմէն ձէթի իւղ.
  • 25Եւ սուրբ օծման իւղ շինես այն՝ իւղագործի արհեստով բաղադրուած. Նա սուրբ օծման իւղ լինի։
  • 26Եւ նորանով օծես ժողովքի խորանը. Վկայութեան տապանակը,
  • 27Եւ սեղանը ու նորա ամեն անօթները. Եւ աշտանակը եւ նորա գործիքները. Եւ խունկի սեղանը,
  • 28Եւ ողջակէզի սեղանը իր ամեն գործիքների հետ մէկ տեղ, եւ աւազանը եւ նորա խարիսխը։
  • 29Եւ սրբես նորանց, որ ամենասուրբ լինին. ինչ որ նորանց դպչէ՝ սուրբ պիտի լինի։
  • 30Եւ Ահարօնին եւ նորա որդիներին օծես, եւ սուրբ անես նորանց որ ինձ համար քահանայութիւն անեն։
  • 31Եւ Իսրայէլի որդիների հետ խօսես՝ ասելով. Սա ինձ համար սուրբ օծման իւղ պիտի լինի ձեր ազգերի մէջ։
  • 32Մարդի մարմնի վերայ պիտի չ’թափուի նա, եւ նորա բաղադրութեան պէս նորա նմանը չ’շինէք. Սա սուրբ է, ձեզ համար էլ սուրբ պիտի լինի։
  • 33Ով որ նորա նմանը շինէ, կամ ով որ նորանից օտարականի վերայ դնէ, իր ժողովրդիցը պիտի կորչէ։
  • 34Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ համար անուշահոտ համեմներ, այսինքն ստաշխն ու եղունգն եւ քաղբան, այս անուշահոտ համեմները եւ մաքուր կնդրուկ. Ամենը հաւասար կշռով լինին։
  • 35Եւ նորանց իւղագործի արհեստով բաղադրեալ խունկ շինես աղուած՝ մաքուր՝ սուրբ։
  • 36Եւ նորանցից մի քիչ ծեծես շատ բարակ, եւ դնես ժողովքի խորանի մէջ վկայութեանը առաջին, ուր ես քեզ կ’հանդիպեմ. նա ձեզ համար ամենասուրբ լինի։
  • 37Եւ այն խունկը, որ շինելու ես իրան բաղադրութեան համեմատ, դուք ձեզ համար չ’շինէք. Նա քեզ համար սուրբ պիտի լինի Եհովայի համար։
  • 38Ով որ հոտոտելու համար նորա նմանը շինելու լինի, նա իր ժողովրդիցը պիտի կորչէ։
← Ցանկ