ԵԼԻՑ29
  • 1Եւ սա է այն բանը որ նորանց պիտի անես, որ նորանց սրբես ինձ համար քահանայ լինելու. Արջառներից մէկ զուարակ եւ երկու անարատ խոյ առ,
  • 2Եւ անխմոր հաց՝ եւ իւղով զանգուած անխմոր շօթեր՝ եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ. Ցորենի բարակ ալիւրից շինես սորանց։
  • 3Եւ մի սակառի մէջ դնես եւ մատուցանես նորանց սակառի մէջ, եւ զուարակն ու երկու խոյերը։
  • 4Եւ Ահարօնին եւ նորա որդիներին ժողովքի խորանին դրանը մօտեցնես, եւ նորանց ջրով լուանաս։
  • 5Եւ զգեստները առնես եւ հագցնես Ահարօնին շապիկը եւ եփուդի պատմուճանը եւ եփուդը եւ լանջապանակը. Եւ եփուդի ժապաւէնովը գօտեւորես նորան։
  • 6Եւ խոյրը նորա գլխին դնես, եւ խոյրի վերայ սուրբ պսակը դնես։
  • 7Եւ օծման իւղը առնես. Եւ նորա գլխի վերայ թափես եւ օծես նորան։
  • 8Եւ նորա որդիները մօտեցնես, եւ նորանց շապիկներ հագցնես.
  • 9Եւ գօտիներով գօտեւորես նորանց՝ այսինքն Ահարօնին եւ նորա որդիներին, եւ նորանց գլխներին ապարօշներ փաթաթես. Եւ քահանայութիւնը նորանցը լինի յաւիտենական կանոնով։ Եւ այսպէս լցրու Ահարօնի ձեռքը եւ նորա որդիների ձեռքը։
  • 10Եւ զուարակը ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Ահարօնը եւ նորա որդիներն իրանց ձեռքը զուարակի գլխին դնեն։
  • 11Եւ մորթես զուարակը ժողովքի խորանի դրանը Եհովայի առաջին։
  • 12Եւ զուարակի արիւնիցն առնես եւ մատովդ սեղանի եղջիւրներին քսես. Եւ մնացած բոլոր արիւնը սեղանի տակին թափես։
  • 13Եւ առնես այն բոլոր ճարպը, որ ծածկում է փորոտիքը եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի եղած ճարպը եւ սեղանի վերայ այրես։
  • 14Բայց զուարակի միսը, եւ նորա մորթը՝ եւ նորա աղբը բանակիցը դուրս կրակով այրես. Մեղքի պատարագ է սա։
  • 15Եւ խոյերի մէկն առնես, եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։
  • 16Եւ այն խոյը մորթես, եւ նորա արիւնն առնես, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկես։
  • 17Եւ խոյը կտոր կտոր անես, եւ լուանաս նորա փորոտիքը եւ նորա ոտքերը, եւ նորանց նորա կտորների եւ գլխի վերայ դնես։
  • 18Եւ բոլոր խոյը այրես սեղանի վերայ. Սա ողջակէզ է Եհովայի համար. անուշահոտ պատարագ է Եհովային։
  • 19Եւ միւս խոյն առնես. Եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն։
  • 20Եւ խոյը մորթես, եւ նորա արիւնիցն առնես, եւ քսես Ահարօնի աջ ականջի բլթակին՝ եւ նորա որդկանց աջ ականջների բլթակին եւ նորանց աջ ձեռքի մեծ մատին եւ նորանց աջ ոտքի մեծ մատին, եւ մնացած արիւնը սեղանի վերայ շուրջանակի սրսկես։
  • 21Եւ սեղանի վերայ եղած արիւնիցը եւ օծման իւղիցն առնես, եւ Ահարօնի վերայ եւ նորա զգեստների վերայ եւ նորա հետ իր որդիների վերայ՝ եւ իր որդիների զգեստների վերայ սրսկես. Եւ նա ու նորա զգեստները եւ նորա հետ իր որդիները եւ իր որդիների զգեստները սուրբ կ’լինին։
  • 22Եւ խոյիցն առնես ճարպը եւ դմակը՝ եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի ճարպը, եւ աջ զիստը, (որովհետեւ սա ձեռք լցնելու խոյն է.)
  • 23Եւ մէկ պան հացի եւ մէկ իւղով հացի շօթ եւ մէկ լաւաշ առնես այն անխմոր հացի սակառիցը որ Եհովայի առաջին է,
  • 24Եւ ամենը Ահարօնի ձեռքին եւ նորա որդիների ձեռքին դնես, եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու ընծայ երերացնես։
  • 25Եւ նորանց ձեռքիցն առնես նորանց եւ սեղանի վերայի ողջակէզի վերայ այրես Եհովայի առաջին անոյշ հոտի համար. Սա պատարագ է Եհովային։
  • 26Եւ Ահարօնի ձեռքը լցնելու խոյիցը՝ երբուծն առնես, եւ նորան Եհովայի առաջին երերացնելու ընծայ մատուցանես. Եւ դա քո բաժինը լինի։
  • 27Եւ Ահարօնի համար եւ նորա որդիների համար ձեռք լցնելու խոյիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը սրբես։
  • 28Եւ յաւիտենական կանոն դառնայ Ահարօնի եւ նորա որդիների համար Իսրայէլի որդիների կողմանէ. Որովհետեւ սա բարձրացնելու ընծայ է, եւ բարձրացնելու ընծայ պիտի լինի Իսրայէլի որդիների կողմանէ իրանց խաղաղութեան զոհերիցը բուն իրանց բարձրացնելու ընծան Եհովայի համար։
  • 29Եւ Ահարօնի սուրբ զգեստները իրանից յետոյ իր որդիներին լինին՝ նորանցով օծուելու եւ նորանցով ձեռք լցուելու համար։
  • 30Եօթը օր հագնէ նորանց իր որդիներից իր փոխարէնը լինող քահանան, որ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար ժողովքի խորանը կ’մտնէ։
  • 31Եւ ձեռք լցնելու խոյը առնես՝ եւ նորա միսը եփես սուրբ տեղ։
  • 32Եւ Ահարօնը եւ նորա որդիքը ժողովքի խորանի դրանը ուտեն խոյի միսը՝ եւ սակառի միջի հացը։
  • 33Եւ նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ օտարական պիտի չ’ուտէ. Որովհետեւ նորանք սուրբ են։
  • 34Եւ եթէ ձեռք լցնելու մսիցը եւ հացիցը մինչեւ առաւօտը մնայ, այս աւելացածը կրակով այրես. Նա պիտի չ’ուտուի, որովհետեւ սուրբ է։
  • 35Եւ Ահարօնին եւ նորա որդիներին այսպէս անես, ինչպէս որ բոլորը քեզ պատուիրել եմ. եօթը օրուան մէջ նորանց ձեռքերը լցնես։
  • 36Եւ օրը մէկ զուարակ մեղքի պատարագ անես քաւութեան համար. Եւ սեղանի համար քաւութիւն անես նորան մաքրելով եւ նորան օծես սրբելու համար։
  • 37Եօթը օր քաւութիւն անես սեղանի համար, եւ նորան սրբես, որ սեղանը ամենասուրբ լինի. ամեն ինչ որ սեղանին դպչի՝ սուրբ պիտի լինի։
  • 39Մէկ գառը առաւօտանց մատուցանես, եւ միւս գառը իրիկուայ դէմ մատուցանես։
  • 40Եւ մէկ տասանորդ բարակ ալիւր հիմենի քառորդ ծեծուած ձէթով զանգուած, եւ մէկ հիմենի քառորդ գինի թափելու նուէր մատուցանես մէկ գառի հետ։
  • 41Եւ միւս գառը իրիկուայ դէմ զոհես. Առաւօտեան հացի ընծայի պէս՝ եւ նորա թափելու նուէրի պէս անես նորան՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։
  • 42Սա ձեր ազգերի մէջ մշտնջենաւոր ողջակէզ լինի Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը, ուր ձեզ կ’հանդիպեմ՝ քեզ հետ խօսելու։
  • 43Եւ այնտեղ կ’հանդիպեմ Իսրայէլի որդիներին, եւ խորանը իմ փառքովը սուրբ կ’լինի։
  • 44Եւ ժողովքի խորանն ու սեղանը կ’սրբեմ. Ահարօնին եւ նորա որդիներին էլ կ’սրբեմ, որ ինձ քահանայութիւն անեն։
  • 45Եւ Իսրայէլի որդիների մէջ կ’բնակուեմ, եւ նորանց Աստուած կ’լինիմ։
  • 46Եւ կ’գիտենան, թէ ես եմ նորանց Եհովայ Աստուածը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը։
← Ցանկ