ԵԼԻՑ28
  • 1Եւ դու քեզ մօտ մօտեցրու քո եղբայր Ահարօնին՝ եւ նորա որդիներին նորա հետ՝ Իսրայէլի որդիների միջից, որ ինձ քահանայութիւն անեն, Ահարօնին՝ եւ Ահարօնի որդիներ՝ Նադաբին եւ Աբիուդին՝ Եղիազարին եւ Իթամարին։
  • 2Եւ քո եղբայր Ահարօնի համար սուրբ զգեստներ շինես պատուի եւ փառքի համար։
  • 4Եւ սորանք են այն զգեստները, որ պիտի շինեն. Լանջապանակ, եւ եփուդ եւ պատմուճան եւ նկարագործ շապիկ, խոյր եւ գօտի, եւ սուրբ զգեստներ շինեն քո եղբայր Ահարօնի՝ եւ նորա որդիների համար, որ ինձ քահանայութիւն անեն։
  • 5Եւ նորանք առնեն ոսկին եւ կապուտակը եւ ծիրանեգոյնը եւ կրկնակի կարմիրը եւ բարակ քթանը.
  • 6Եւ շինեն եփուդը ոսկի թելից կապուտակից եւ ծիրանեգոյնից, կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից ճարտար ոստայնագործ։
  • 7Նորա երկու թիկունքները կցուած պիտի լինին նորա երկու ծայրերին, որ կոճակուին։
  • 8Եւ եփուդի վերայ եղած ժապաւէնը՝ նորա շինուածքի պէս նոյն բանից լինի. Ոսկուց, կապուտակից եւ ծիրանեգոյնից, եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից։
  • 9Եւ երկու եղնգնաքարեր առնես, եւ նորանց վերայ փորագրես Իսրայէլի որդիների անունները։
  • 10Նորանց անունների վեցը մէկ քարի վերայ՝ եւ մնացած վեց անունները միւս քարի վերայ՝ եւ նորանց ծնունդների համեմատ.
  • 11Ակնագործի արուեստով կնիք քանդակողի պէս փորագրես այն երկու քարերի վերայ Իսրայէլի որդիների անունները, շրջապատած ոսկի խորշերի մէջ դնես նորանց։
  • 12Եւ այն երկու քարերը եփուդի թիկունքների վերայ դնես, որ Իսրայէլի որդիների համար յիշատակի քարեր լինին. Եւ Ահարօնը նորանց անունները յիշատակի համար իր երկու ուսերի վերայ կրէ Եհովայի առաջին։
  • 13Եւ ոսկուց խորշեր շինես։
  • 14Եւ մաքուր ոսկուց երկու շղթաներ շինիր, ոլորած հիւսկէն գործ շինես, եւ հիւսուած շղթաները խորշերին անցկացնես։
  • 15Եւ դատաստանի լանջապանակը ճարտար ոստայնագործ շինես՝ եփուդի շինուածքի պէս շինես, ոսկուց՝ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից շինես նորան։
  • 16Քառակուսի լինի երկուտակ ծալուող, նորա երկայնութիւնը մէկ թիզ՝ եւ նորա լայնութիւնը մէկ թիզ։
  • 17Եւ ընդելուզիր նորա մէջ ակունքների ընդելուզուածքի համեմատ՝ չորս կարգ քարեր. Սարդիոնի, տպազիոնի եւ զմրուխտի կարգը՝ առաջին կարգը լինի։
  • 18Եւ երկրորդ կարգը՝ կարկեհան, շափիւղայ եւ անդամանդ.
  • 19Եւ երրորդ կարգը գոճազմ, ակատ եւ սուտակ.
  • 20Եւ չորրորդ կարգը՝ ոսկեքար, եղնգնաքար, եւ յասպիս. Ոսկի խորշերի մէջ լինին ընդելուզուած։
  • 21Եւ քարերը Իսրայէլի որդիների անունների պէս տասնեւերկու լինին, նորանց անունների համեմատ. Քանդակուած կնիքի պէս ամեն մէկը իր անունովը տասնեւերկու ցեղին համեմատ։
  • 22Եւ լանջապանակի վերայ ոլորուած շղթաներ շինիր՝ հիւսկէն գործ՝ մաքուր ոսկուց։
  • 23Եւ լանջապանակի վերայ երկու ոսկի օղակներ շինիր եւ այն երկու օղակները լանջապանակի երկու ծայրերի վերայ դնես։
  • 24Եւ այն երկու հիւսուած ոսկի շղթաները՝ լանջապանակի ծայրերին եղած երկու օղակներին անցկացնես.
  • 25Եւ այն երկու հիւսուած շղթաների միւս երկու ծայրերը՝ այն երկու խորշերին անցկացնես. Եւ եփուդի թիկունքների վերայ դնես առջեւի կողմից։
  • 26Եւ երկու ոսկի օղակներ շինես, եւ լանջապանակի ներսի կողմից՝ եփուդի կցուած եզերքի երկու ծայրերին դնես նորանց։
  • 27Եւ երկու ոսկի օղակներ էլ շինես, եւ նորանց դնես եփուդի երկու ուսերին տակիցը, նորա առջեւի կողմի կցուածքի մօտ՝ եփուդի ժապաւէնի վերայից անցկացնես։
  • 28Եւ լանջապանակը կապեն իր օղակներիցը՝ կապուտակից շինուած լարով եփուդի օղակներին, որ եփուդի ժապաւէնի վերայ լինի, եւ լանջապանակը եփուդի վերայիցը չ’բաժանուի։
  • 29Եւ Ահարօնը Իսրայէլի որդիների անունները դատաստանի լանջապանակովը միշտ իր սրտի վերայ կրէ, երբոր մտնէ սրբարանաը, նորանց Եհովայի առաջին յիշելու համար։
  • 30Եւ դատաստանի լանջապանակի մէջ Ուրիմը ու Թումիմը դնես. Եւ Ահարօնի սրտի վերայ լինին, երբոր Եհովայի առաջը գնայ. Եւ Ահարօնը միշտ իր սրտի վերայ կրէ Իսրայէլի որդիների դատաստանը Եհովայի առաջին։
  • 31Եւ եփուդի պատմուճանը բոլորովին կապուտակից շինես։
  • 32Եւ նորա մէջտեղը լինի նորա գլուխ անցկացնելու ճեղքուածքը. Ճեղքուածքի շուրջը մի օձիք լինի զրահի ճեղքուածքի պէս հիւսուած, որ չ’պատառուի։
  • 33Եւ նորա քղանցքների վերայ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից նռներ շինես՝ քղանցքների վերայ շուրջանակի. Եւ նորանց մէջտեղը շուրջանակի ոսկի զանգակներ։
  • 34Պատմուճանի քղանցքի վերայ շուրջանակի մի ոսկի զանգակ եւ մի նուռ, մի ոսկի զանգակ եւ մի նուռ լինի։
  • 35Եւ Ահարօնի վերայ լինի պաշտօնի համար. Եւ նորա ձայնը լսուի Եհովայի առաջին մտնելիս եւ դուրս գալիս, որ չ’մեռնէ։
  • 36Եւ մաքուր ոսկուց մի թիթեղ շինես, եւ նորա վերայ կնիք քանդակողի պէս փորագրես ԳՕԴԷՇ ԼԷ ԵՀՈՎԱՅ։
  • 37Եւ նորան անցկացնես մի կապուտակ ժապաւէնի վերայ, որ խոյրի վերայ դրուի. Խոյրի վերեւի առջեւի կողմին լինի։
  • 38Եւ Ահարօնի ճակատի վերայ լինի, որ Ահարօնը կրէ. Իսրայէլի որդիների նուիրած բոլոր սուրբ ընծաների անօրէնութիւնը միշտ իր ճակատի վերայ լինի, որ նորանք ընդունելի լինին Եհովայի առաջին։
  • 39Եւ շապիկը բարակ քթանից, եւ խոյրը բարակ քթանից շինես եւ գօտին հիւսկէն գործ շինես։
  • 40Եւ Ահարօնի որդիների համար շապիկներ շինես, եւ նորանց համար գօտիներ շինես. Եւ պատւի եւ փառքի համար նորանց ապարօշներ շինես։
  • 41Եւ նորանք քո եղբայր Ահարօնին՝ եւ նորա հետ նորա որդիներին հագցնես. Եւ նորանց օծես, եւ նորանց ձեռքերը լցնես, եւ սրբես նորանց որ ինձ քահանայութիւն անեն։
  • 42Եւ նորանց՝ համար կտաւից անդրավարտիներ շինես մարմնի մերկութիւնը ծածկելու համար. Մէջքից մինչեւ ծնկերը լինին։
  • 43Եւ Ահարօնի եւ նորա որդիների վերայ լինին երբոր ժողովքի խորանը մտնեն, կամ երբոր սեղանին մօտենան սրբարանումը պաշտելու համար, եւ անօրէնութիւն չ’կրեն որ չ’մեռնեն. Սա յաւիտենական կանոն լինի նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար։
← Ցանկ