ԵԼԻՑ27
  • 1Եւ զոհի սեղանը Սատիմի փայտից շինես, երկայնութիւնը հինգ կանգուն եւ լայնութիւնը հինգ կանգուն, սեղանը քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն։
  • 2Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւնների վերայ շինես. Նորա եղջիւրներն իրանից լինին. Եւ նորան պղնձով պատես։
  • 3Եւ նորա մոխիրը ժողովելու համար նորա թաղարները՝ եւ նորա թիակները՝ եւ նորա կոնքերը՝ եւ նորա մսահանները՝ եւ նորա կրակարանները շինես. Նորա բոլոր գործիքները պղնձից շինես։
  • 4Եւ նորան մի ցանցակերպ գահաւորակ շինես պղնձից. Եւ ցանցի վերայ չորս պղնձի օղակ շինես՝ նորա չորս անկիւնների վերայ։
  • 5Եւ նորան դնես սեղանի շրջանակի տակ ներքեւիցը, որ ցանցը մինչեւ սեղանի կէսը լինի։
  • 6Եւ սեղանի համար ձողեր շինես, ձողերը Սատիմի փայտից. Եւ նորանց պղնձով պատես։
  • 7Եւ նորա ձողերը օղակների մէջ պիտի անցնուին. Եւ ձողերը սեղանի երկու կողքերին լինին՝ նորան վեր առնելու համար։
  • 8Մէջը դարտակ՝ եւ տախտակներից շինես նորան. ինչպէս որ սարումը քեզ ցոյց տուաւ, այնպէս պիտի շինեն։
  • 9Եւ խորանի սրահը շինես հարաւային կողմի համար, սրահի առագաստները մանուած բարակ քթանից մէկ կողմի երկայնութիւնը հարիւր կանգուն։
  • 10Եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, և սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթից լինին։
  • 11Եւ նոյնպէս հիւսիսային կողմի համար երկայնութեամբը առագաստները հարիւր կանգուն երկայն. Եւ նորա քսան սիւները եւ նորանց քսան խարիսխները պղնձից, սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի լինին։
  • 12Եւ սրահի լայնութեամբը արեւմտեան կողմին առագաստները յիսուն կանգուն նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասը լինին։
  • 13Եւ սրահի լայնութեամբը արեւելեան կողմին դէպի արեւելք յիսուն կանգուն։
  • 14Եւ մէկ կողքի առագաստները տասնեւհինգ կանգուն. Նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք։
  • 15Եւ միւս կողքին առագաստները տասնեւհինգ կանգուն. Նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք։
  • 16Եւ սրահի դրան համար մի նկարագործ վարագոյր կապուտակից՝ եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանած բարակ քթանից քսան կանգուն, նորանց սիւները չորս՝ եւ նորանց խարիսխները չորս։
  • 17Սրահի շուրջանակի եղած բոլոր սիւները արծաթի կարթերով եւ նորանց բեւեռները արծաթից՝ եւ նորանց խարիսխները պղնձից լինին։
  • 18Սրահի երկայնութիւնը հարիւր կանգուն՝ եւ լայնութիւնը յիսուն յիսունով, եւ բարձրութիւնը հինգ կանգուն. Առագաստները մանած բարակ քթանից եւ նորանց խարիսխները պղնձից լինին։
  • 19Խորանի բոլոր գործիքները իր ամեն պաշտօնի համար՝ եւ նորա բոլոր ցիցերը՝ եւ սրահի բոլոր ցիցերը պղնձից լինին։
  • 20Եւ դու պատուիրիր Իսրայէլի որդիներին որ քեզ մաքուր ծեծուած ձիթապտղի իւղ բերեն լոյսի համար, որ միշտ ճրագ վառուի։
← Ցանկ