ԵԼԻՑ26
  • 1Եւ խորանը շինես տասը վարագոյրներով՝ մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից. Ճարտար ոստայնագործ շինես նորանց քերովբէներով։
  • 2Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն, եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն լինի. Մէկ չափ լինի բոլոր վարագոյրների համար։
  • 3Հինգ վարագոյրները իրար կցուած, եւ միւս հինգ վարագոյրները իրար կցուած։
  • 4Եւ կապուտակեայ օղակներ շինես. Մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ ծայրի վարագոյրի եզերքին. Եւ այսպէս անես երկրորդ կցուածքին։
  • 5Յիսուն օղակ շինես մէկ վարագոյրի վերայ, եւ յիսուն օղակ շինես միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի ծայրին. Օղակները իրար դէմ ու դէմ լինին։
  • 6Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինես. Եւ վարագոյրները ճարմանդներովը կոճակես, որ մէկ խորան դառնայ։
  • 7Եւ վրանի համար այծի մազի վարագոյրներ շինես խորանի վերայ. Տասնեւմէկ վարագոյր շինես նորանց։
  • 8Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. Մէկ չափ լինի տասնեւմէկ վարագոյրների համար։
  • 9Եւ հինգ վարագոյրները առանձին կցիր, եւ վեց վարագոյրները առանձին. Եւ վեցերորդ վարագոյրը խորանի առջեւի կողմիցը երկպատիկ անես։
  • 10Եւ յիսուն օղակներ շինես մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ եւ յիսուն օղակներ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ։
  • 11Եւ յիսուն պղնձի ճարմանդներ շինես, եւ ճարմանդները օղակներին անցկացնես, եւ վրանը կոճակես, որ մէկ լինի։
  • 12Եւ վրանի վարագոյրներից աւելորդ մնացածը՝ այն վարագոյրի աւելացած կէսը՝ խորանի ետեւիցը կախուի։
  • 13Եւ մէկ կանգունը այս կողմից եւ մէկ կանգունը միւս կողմից վրանի վարագոյրների երկայնութիւնից աւելացածը՝ խորանի կողքերովը կախուած մնայ նորան այս կողմից եւ այն կողմից ծածկելու համար.
  • 14Եւ վրանի համար կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոց շինես, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով։
  • 15Եւ խորանի համար տախտակները Սատիմի փայտից շինես՝ կանգնած։
  • 16Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկ ու կէս կանգուն։
  • 17Ամեն մէկ տախտակին երկու սփռիչ լինին իրար ագուցիկ. Խորանի բոլոր տախտակներին այսպէս շինես։
  • 18Եւ խորանի տախտակներ շինես. Դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ։
  • 19Եւ քառասուն արծաթի խարիսխ շինես քսան տախտակների տակ. Մէկ տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար։
  • 20Եւ խորանի միւս կողմի համար հիւսիսային կողմին՝ քսան տախտակ,
  • 21Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխները, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ։
  • 22Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտքը վեց տախտակ շինես։
  • 23Եւ խորանի անկիւններին՝ ետեւի կողմին երկու տախտակ շինես։
  • 24Եւ տակի կողմից զոյգ լինին եւ վերեւումը բոլորովին միացած լինին մէկ օղակով. Երկուսն էլ այսպէս լինին. Նորանք երկու անկիւնների համար լինին.
  • 25Եւ ութը տախտակ լինին, եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիսխ. Մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ լինի։
  • 26Եւ Սատիմի փայտից նիգեր շինես. Խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ,
  • 27Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ, եւ դէպի արեւմուտք խորանի ետեւի կողմին տախտակների համար հինգ նիգ։
  • 28Եւ միջի նիգը, այսինքն տախտակների միջինը մէկ ծայրից միւս ծայրը պիտի անցնէ։
  • 29Եւ տախտակները ոսկով պատես, եւ նորանց օղակներն՝ այսինքն նիգերի անցնելու տեղերը ոսկուց շինես, եւ նիգերը ոսկով պատես։
  • 30Եւ կանգնեցնես խորանը իր ձեւի համեմատ, ինչպէս որ սարի վերայ քեզ ցոյց տրուեցաւ։
  • 31Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից մի վարագոյր շինես. Նա ճարտար ոստայնագործ շինուի քերովբէներով։
  • 32Եւ նորան Սատիմի փայտից չորս ոսկէպատ սիւների վերայ դնես. Նորանց բեւեռները ոսկի լինին. Չորս արծաթ խարիսխների վերայ։
  • 33Եւ վարագոյրը ճարմանդների տակիցը կախես, եւ այնտեղ վարագոյրի ներսի կողմը տանես վկայութեան տապանակը. Եւ վարագոյրը ձեզ համար բաժանէ սրբութիւնի եւ սրբութեանց սրբութիւնի մէջտեղը։
  • 34Եւ քաւութիւնը վկայութեան տապանակի վերայ՝ սրբութեանց սրբութիւնումը դնես։
  • 36Եւ վրանի դրան համար մի սրահակ շինես կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից՝ նկարագործ։
  • 37Եւ դրան սրահակի համար Սատիմի փայտից հինգ սիւն շինես, եւ նորանց ոսկով պատես, նորանց բեւեռները ոսկի լինին. Եւ նորանց համար հինգ պղնձի խարիսխ ձուլես։
← Ցանկ