ԵԼԻՑ25
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ, որ ինձ ընծայ բերեն. ամեն մարդից որ սիրտը յօժար է, առէք իմ ընծան։
  • 3Եւ այս է այն ընծան որ նորանցից պիտի առնէք. Ոսկի եւ արծաթ եւ պղինձ,
  • 4Եւ կապուտակ եւ ծիրանեգոյն եւ կրկնակի կարմիր եւ բարակ քթան՝ եւ այծի մազ,
  • 5Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, եւ թէհաշի մորթեր, եւ Սատիմի փայտեր,
  • 6Լոյսի համար իւղ՝ օծման իւղի համար եւ անուշահոտ խունկի համար համեմներ,
  • 7Եղնգնաքարեր՝ եւ եփուդի եւ լանջապանակի վերայ անցնելու քարեր։
  • 8Եւ ինձ համար մի սրբարան շինեն՝ որ իրանց մէջ բնակուեմ։
  • 9Բոլոր ինչպէս որ քեզ ցոյց տուի խորանի օրինակը եւ նորա բոլոր կարասիքի օրինակը՝ այնպէս պիտի շինէք։
  • 10Եւ Սատիմի փայտից մի տապանակ շինեն, նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս։
  • 11Եւ մաքուր ոսկով պատես նորան՝ ներսիցը ու դուրսիցը պատես նորան, եւ նորա վերայ շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։
  • 12Եւ նորա համար չորս ոսկի օղակ ձուլես, եւ նորա չորս անկիւններին դնես, որ նորա մէկ կողմին երկու օղակ եւ միւս կողմին երկու օղակ լինի։
  • 13Եւ Սատիմի փայտից ձողեր շինես, եւ նորանց ոսկով պատես։
  • 14Եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նորանցով վեր առնուի։
  • 15Ձողերը տապանակի օղակների մէջ լինին. Նորանից չ’հանուին։
  • 16Եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը, որ ես քեզ պիտի տամ։
  • 17Եւ մաքուր ոսկուց մի քաւութիւն շինես. Նորա երկայնութիւնը երկու կանգուն ու կէս, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն ու կէս։
  • 18Եւ երկու ոսկի քերովբէներ շինես քաւութիւնի երկու ծայրի վերայ, կռածոյ շինես նորանց.
  • 19Եւ մէկ քերովբէն այս ծայրին եւ միւս քերովբէն այն ծայրին շինես. Քերովբէները քաւութիւնիցը պիտի շինես նորա երկու ծայրերի վերայ։
  • 20Եւ քերովբէները տարածում լինին թեւերը վերեւիցը՝ իրանց թեւերովը քաւութիւնը ծածկելով. Եւ նորանց երեսները դէպի իրար լինին. Քերովբէների երեսները դէպի քաւութիւնը լինին։
  • 21Եւ քաւութիւնը տապանակի վերայ պիտի դնես վերեւիցը եւ տապանակի մէջ դնես այն վկայութիւնը՝ որ քեզ կ’տամ։
  • 22Եւ ես կ’հանդիպեմ այն տեղ եւ կ’խօսեմ քեզ հետ, քաւութեան վերայիցը վկայութեան տապանակի վերայ եղած երկու քերովբէների մէջտեղիցն ամեն ինչ որ պիտի պատուիրեմ քեզ Իսրայէլի որդիների համար։
  • 23Եւ Սատիմի փայտից մի սեղան շինես. Նորա երկայնութիւնը երկու կանգուն, եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն, եւ նորա բարձրութիւնը մէկ կանգուն ու կէս պիտի լինի։
  • 24Եւ մաքուր ոսկով պատես. Եւ նորա շուրջը մի ոսկի շրջանակ շինես։
  • 25Եւ նորան շուրջանակի մէկ թիզ ոլորտ շինես. Եւ ոլորտին շուրջանակի մի ոսկի շրջանակ շինես։
  • 26Եւ նորան չորս ոսկի օղակ շինես, եւ այն օղակները դնես անկիւնին նորա չորս ոտքի մօտ։
  • 27Օղակները կցուած պիտի լինին ոլորտին իբրեւ ձողերի տեղեր որ սեղանը վեր առնուի։
  • 28Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես. Եւ սեղանը նորանցով պիտի վեր առնուի։
  • 29Եւ շինիր նորա սկուտեղները եւ նորա խնկամանները եւ բաժակները ու սկաւառակները, որ նորանցով թափելու նուէր մատուցուի. Նորանց մաքուր ոսկուց շինես։
  • 30Եւ սեղանի վերայ միշտ առաջաւորութեան հացը դնես իմ առաջին։
  • 31Եւ մաքուր ոսկուց մի աշտանակ շինես. Ճախարակեայ պիտի շինուի աշտանակը, նորա բունը՝ ճիւղերը՝ սկահները՝ գնդակները եւ ծաղիկները իրանից լինին։
  • 32Եւ նորա կողերիցը վեց ճիւղեր դուրս գան. Երեք ճիւղը աշտանակի մէկ կողմիցը, եւ երեք ճիւղը աշտանակի միւս կողմիցը.
  • 33Երեք նշաձեւ սկահ մէկ ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, եւ երեք նշաձեւ սկահ միւս ճիւղի վերայ գնդակով եւ ծաղիկով, այսպէս լինին աշտանակիցն ելած վեց ճիւղերը։
  • 34Եւ աշտանակի վերայ չորս նշաձեւ սկահ լինին իրանց գնդակներովն ու ծաղիկներըովը։
  • 35Եւ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ միւս երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ եւ երրորդ երկու ճիւղի տակին իրանից մէկ գնտակ. Այսպէս այն վեց ճիւղերին որ դուրս են գալիս աշտանակիցը։
  • 36Նորանց գնտակներն ու ճիւղերը իրանից լինին, ամենը ճախարակեայ լինի մէկ կտոր մաքուր ոսկուց։
  • 37Եւ նորա ճրագները եօթը շինես. Եւ նորա ճրագները վերան դնեն, եւ լոյս տայ դէպի առջեւի կողմը։
  • 38Եւ նորա ունելիները եւ նորա բազմակալները մաքուր ոսկուց պիտի լինին։
  • 39Մէկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն նորան բոլոր այս գործիքներովը միասին։
  • 40Եւ նայիր որ սարումը քեզ ցոյց տուած օրինակի պէս շինես։
← Ցանկ