ԵԼԻՑ24
  • 1Եւ Մովսէսին ասեց. Ելիր Եհովայի մօտ դու եւ Ահարօնը, Նադաբը եւ Աբիուդը եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի, եւ հեռուից երկրպագութիւն արէք։
  • 2Եւ միայն Մովսէսը մօտենայ Եհովային, իսկ նորանք չ’մօտենան, եւ ժողովուրդը նորա հետ վեր չ’գնայ։
  • 3Եւ Մովսէսը եկաւ, եւ Եհովայի բոլոր խօսքերը եւ բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. Եւ բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին եւ ասեցին. Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կ’անենք։
  • 4Եւ Մովսէսը Եհովայի բոլոր խօսքերը գրեց, եւ առաւօտը վեր կացաւ, եւ սարի տակին սեղան շինեց. Եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերի համեմատ տասնեւերկու արձան կանգնեցրեց։
  • 5Եւ Իսրայէլի որդիների պատանիներին ուղարկեց, եւ նորանք ողջակէզներ մատուցրին եւ խաղաղութեան զոհերի համար զուարակներ զոհեցին Եհովային։
  • 6Եւ Մովսէսն արիւնի կէսն առաւ, եւ կոնքերի մէջ դրաւ. Եւ արիւնի կէսն այն սեղանի վերայ սրսկեց։
  • 7Եւ առաւ ուխտի գիրքը՝ եւ ժողովրդի ականջների առաջին կարդաց. Եւ նորանք ասեցին. Եհովայի բոլոր ասածը կ’անենք եւ կ’լսենք։
  • 8Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ ժողովրդի վերայ սրսկեց, եւ ասեց. Ահա այն ուխտի արիւնը, որ Եհովան արաւ ձեզ հետ այս բոլոր խօսքերի համեմատ։
  • 9Այն ժամանակ Մովսէսն ու Ահարօնը՝ Նադաբը եւ Աբիուդը՝ եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի վեր գնացին.
  • 10Եւ Իսրայէլի Աստուծոյն տեսան. Եւ նորա ոտքերի տակը շափիւղայ աղիւսով յատակածի պէս եւ բուն երկնքի պէս պայծառ էր։
  • 11Եւ նա Իսրայէլի որդիների ընտրեալների վերայ իր ձեռքը չ’ձգեց. Եւ նորանք Աստուծոյն տեսան եւ կերան եւ խմեցին։
  • 12Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սարը ելիր ինձ մօտ եւ այնտեղ կանգնիր. Եւ քարի տախտակները եւ իմ գրած օրէնքը եւ պատուիրանքները քեզ կ’տամ որ նորանց սովորեցնես։
  • 13Եւ Մովսէսն ու նորա պաշտօնեայ Յեսուն վեր կացան, եւ Մովսէսն Աստուծոյ սարը ելաւ.
  • 14Եւ ծերերին ասեց. Դուք այստեղ մեզ սպասեցէք, մինչեւ որ ձեզ մօտ դառնանք. Եւ ահա Ահարօնը եւ Ովրը ձեզ հետ են. Ով որ դատ ունենայ, թող նորանց մօտ գնայ։
  • 15Եւ Մովսէսը սարը ելաւ, եւ ամպը ծածկեց սարը։
  • 16Եւ Եհովայի փառքը Սինայ սարի վերայ հանգչեց, եւ ամպը ծածկեց նորան վեց օր. Եւ եօթներորդ օրը ամպի միջիցը կանչեց Մովսէսին։
  • 17Եւ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վերայ մաշող կրակի պէս էր Իսրայէլի որդիների աչքի առաջին։
  • 18Եւ Մովսէսն ամպի մէջը մտաւ, եւ սարը ելաւ, եւ Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր սարումն էր։
← Ցանկ