ԵԼԻՑ23
- 1Սուտ լուր չ’տարածես. Անօրէնի հետ ձեռքդ չ’դնես որ անիրաւ վկայ դառնաս։
- 2Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես. Եւ չ’խօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով։
- 3Եւ աղքատին աչառութիւն չ’անես նորա դատումը։
- 4Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան։
- 5Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չ’կամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես։
- 6Քո աղքատի իրաւունքը չ’ծռես նորա հետ դատուելիս։
- 7Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. Որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ։
- 8Եւ կաշառ չ’առնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը։
- 9Եւ օտարականին մի նեղիր. Դուք էլ գիտէք օտարականի սիրտը. Որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք։
- 10Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր.
- 11Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. Քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես։
- 12Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ։
- 13Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չ’յիշէք. Բերանիցդ չ’լսուի։
- 14Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր։
- 15Բաղարջակերաց տօնը պահիր. Եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. Որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. Եւ մէկը դարտակ չ’երեւայ իմ առաջին։
- 16Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս։
- 17Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան։
- 18Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չ’մատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չ’մնայ։
- 19Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես։ Ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես։
- 20Ահա քո առաջին մի հրեշտակ կ’ուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը։
- 21Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. Որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է։
- 22Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կ’լինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ։
- 23Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կ’գնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կ’տանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց։
- 24Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չ’անես, եւ նորանց արածի պէս չ’անես. Այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես։
- 25Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. Եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ։
- 26Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ։
- 27Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին, եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ.
- 28Եւ քո առաջին իշամեղուն կ’ուղարկեմ, եւ նա կ’քշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին։
- 29Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չ’քշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան։
- 30Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես.
- 31Եւ ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. Որովհետեւ այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. Եւ պիտի քշես քո առջեւիցը։
- 32Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չ’դնես։
- 33Քո երկրի մէջ չ’բնակուին, որ քեզ մեղք գործել չ’տան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կ’դառնայ։