ԵԼԻՑ22
  • 1Եթէ մէկն արջառ կամ ոչխար գողանայ՝ եւ մորթէ կամ ծախէ նորան, մէկ արջառի տեղ հինգ արջառ՝ եւ մէկ ոչխարի տեղ չորս ոչխար հատուցանէ։
  • 2Եթէ գողը տուն ծակելիս գտնուի եւ զարկուի որ մեռնէ, նորա համար արիւն չ’կայ։
  • 3Եթէ նորա վերայ արեւը ծագել էր, նորա արիւնը նորա վերայ. Բոլորը հատուցանէ, եթէ բան չ’ունի այն ժամանակ իր գողացած բանի համար ծախուի։
  • 4Եթէ գողացածը իր ձեռքին ողջ գտնուի, թէ եզ լինի՝ թէ էշ եւ թէ ոչխար, կրկինը հատուցանէ։
  • 5Եթէ մէկն արտ կամ այգի արածեցնէ, թող տալով իր անասունին ուրիշի արտումը արածելու, իր արտի ամենալաւիցը եւ իր այգու ամենալաւիցը հատուցանէ։
  • 6Եթէ կրակ դուրս գայ եւ փշերին փակչէ եւ դիզուած որաները՝ կամ չ’հնձուած ցորենը՝ կամ արտը այրէ, կրակը գցողը այրածը հատուցանէ։
  • 7Եթէ մէկն իր դրացուն փող կամ կարասիք պահ տայ, եւ այն մարդի տնիցը գողանուայ, եթէ գողը գտնուի, նա կրկինը հատուցանէ.
  • 8Եթէ գողը չ’գտնուի, տան տէրը դատաւորների մօտ տարուի, թէ արդեօ՞ք նա իր ձեռքը իր դրացու ստացուածքին չէ դպցրել։
  • 9Ամեն կերպ անիրաւութեան համար, թէ եզի՝ թէ էշի՝ թէ ոչխարի՝ թէ հանդերձի համար, ամեն կերպ կորած բանի համար՝ որ մէկն ասէ թէ իրանն է, երկուսի դատը դատաւորների առաջը տարուի. և դատաւորները որի վերայ վճռելու լինին, նա կրկինը հատուցանէ իր դրացուն։
  • 10Եթէ մէկն իր դրացուն էշ կամ եզ կամ ոչխար կամ ինչեւիցէ անասուն պահ տայ, եւ նա մեռնէ՝ կամ վնասուի՝ կամ յափշտակուի եւ տեսնող չ’լինի,
  • 11Այն ժամանակ երկուսի մէջտեղը Եհովայի երդումը լինի՝ իր դրացու ստացուածքին ձեռք չ’դպցնելու համար. Եւ նորա տէրը ընդունէ երդումը, եւ նա չ’հատուցանէ։
  • 13Եթէ գազանից գիշատուել է, թող վկայութիւն բերէ, և գիշատուածը չ’հատուցանէ։
  • 14Եւ եթէ մէկն իր դրացուց անասուն փոխ առնէ, եւ նա վնասուելու կամ մեռնելու լինի նորա տէրը հետը չ’լինելով, ինքը անպատճառ հատուցանէ։
  • 15Բայց եթէ նորա տէրը հետն էր, չ’հատուցանէ, եթէ վարձքով առնուած էր, վարձքի տեղն անցնէ։
  • 16Եթէ մէկը չ’նշանուած աղջիկ խաբէ եւ նորա հետ պառկէ, անպատճառ նորա օժիտը տայ և նորան իր համար կին առնէ։
  • 17Եթէ նորա հայրը բնաւ չ’ուզէ նորան տալ, կոյսերի օժիտի չափ փող պիտի վճարէ։
  • 18Կախարդը չ’թողես ապրէ։
  • 19Ամեն ով որ անասունի հետ պառկէ, անպատճառ մեռցնուի։
  • 20Բացի միայն Եհովայից ուրիշ աստուածների զոհ անողը պիտի կորչի։
  • 21Եւ օտարականին մի չարչարիր, եւ նորան մի նեղիր, որովհետեւ դուք էլ Եգիպտոսի երկրումն օտարական էիք։
  • 22Ոչ մի որբեւայրի եւ որբ բնաւ մի չարչարէք։
  • 23Եթէ նորան չարչարես, նա ինձ բողոքէ, անպատճառ պիտի լսեմ նորա աղաղակը.
  • 24Եւ իմ բարկութիւնը կ’բորբոքուի եւ ձեզ սրով կ’մեռցնեմ. Եւ ձեր կանայքը որբեւայրի՝ եւ ձեր որդիները որբ կ’լինին։
  • 25Եթէ իմ ժողովրդիցը քեզ մօտ եղած մէկ աղքատի փող փոխ տաս, վաշխառուի պէս մի լինիր նորա համար, եւ նորա վերայ վաշխ մի դնիր։
  • 26Եթէ քո դրացու հանդերձը գրաւ առնես, մինչեւ արեւը մար մտնելն իրան ետ դարձրու։
  • 27Որովհետեւ այն է միայն նորա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն. Ինչո՞վ պիտի պառկէ. Եւ կ’լինի որ երբոր ինձ աղաղակէ, կ’լսեմ, որովհետեւ ես ողորմած եմ.
  • 28Դատաւորներին մի հայհոյիր, եւ քո ժողովրդի իշխանին մի անիծիր։
  • 29Քո արմտիքների եւ հեղանիւթների երախայրիները մի ուշացնիր. Քո որդիների անդրանիկներն ինձ պիտի տաս։
  • 30Քո եզին ու ոչխարին էլ այսպէս անես. եօթը օր մօրը հետ լինի, եւ ութերորդ օրը՝ նորան ինձ տաս։
  • 31Եւ դուք սուրբ մարդիկ պիտի լինիք ինձ համար. Եւ դաշտումը գիշատուածի միսը պիտի չ’ուտէք. Շներին պիտի գցէք նորան։
← Ցանկ