ԵԼԻՑ21
  • 1Եւ սորանք են այն դատաստանները, որ պիտի դնես նորանց առաջին։
  • 2Եթէ Եբրայեցի ծառայ ծախու առնելու լինիս, վեց տարի պիտի ծառայէ, եւ եօթներորդ տարին ազատ դուրս գայ ձրի։
  • 3Եթէ նա մենակ է մտել, մենակ դուրս գայ. Եթէ կին ունեցող մարդ էր, կինն էլ իր հետ դուրս գայ։
  • 4Եթէ նորա տէրն է իրան կին տուել, եւ նա իր համար որդիներ կամ աղջիկներ է ծնել, կինն ու նորա որդիքը տիրոջը կ’լինին, եւ ինքը մենակ դուրս գայ։
  • 5Բայց եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ.
  • 6Այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. Եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան։
  • 7Եւ եթէ մէկն իր աղջիկը ծախէ աղախնութեան, նա ծառաների դուրս գալու պէս դուրս չ’գայ։
  • 8Եթէ նա անհաճելի է իր տիրոջ աչքին՝ որ նորան չէ նշանում, թող փրկել տայ նորան, օտար ազգի ծախելու իշխանութիւն չ’ունի, որովհետեւ խաբէութիւն արաւ նորան։
  • 9Եւ եթէ նորան իր որդու համար նշանէ, աղջկանց օրէնքի համեմատ անէ նորա համար։
  • 10Եթէ իր համար ուրիշն առնէ, նորա ուտելիքը՝ հանդերձը եւ մերձաւորութիւնը պիտի չ’կտրէ։
  • 11Եւ եթէ նորան այս երեք բանը չ’անէ, այն ժամանակ նա առանց փողի ձրի դուրս գայ։
  • 12Մարդ զարկող մեռցնողը անպատճառ պիտի մեռցնուի։
  • 13Իսկ եթէ դիտմամբ չ’արաւ, այլ Աստուած գցեց նորա ձեռքը. Ես քեզ համար մի տեղ պիտի սահմանեմ, որ նա փախչէ այն տեղ։
  • 14Բայց եթէ մէկն իր դրացուն ոխ ունենայ, եւ նորան նենգութեամբ մեռցնէ, իմ սեղանիցն էլ առ նորան որ մեռնէ։
  • 15Եւ իր հօրը կամ մօրը զարկողը անպատճառ պիտի մեռցնուի։
  • 16Եւ մարդ գողանողը՝ եւ նորան ծախողը, եւ եթէ իր ձեռքին գտնուի, անպատճառ պիտի մեռցնուի։
  • 17Եւ իր հօրը կամ մօրը անիծողը անպատճառ պիտի մեռցնուի։
  • 18Եւ եթէ մարդիկ իրար հետ վիճեն եւ մէկը միւսին քարով կամ բռունցքով զարկէ, եւ նա չ’մեռնէ, այլ անկողինը ընկնէ,
  • 19Եթէ վեր կենայ ցուպով ման գայ, զարկողը անպատիժ լինի, միայն նորա դադարելու արժէքը տայ, եւ բոլորովին առողջացնէ։
  • 20Եւ եթէ մէկը գաւազանով իր ծառային՝ կամ իր աղախնին զարկէ, եւ նա նորա ձեռքի տակին մեռնէ, անպատճառ վրէժ պիտի առնուի նորանից.
  • 21Բայց եթէ մի օր կամ երկու օր ապրէ, վրէժ չ’առնուի նորանից. Որովհետեւ նա իր փողն է։
  • 22Եւ եթէ մարդիկ կռուեն, եւ յղի կնոջ զարկելով նորա տղան անցնել տան, եւ մի վնաս չ’լինի, նա անպատճառ այն կնոջ մարդու նորա վերայ դրած տոյժը քաշէ, եւ վճարէ դատաւորների մօտ։
  • 23Բայց եթէ մի վնաս լինի, անձի տեղ անձ պիտի տաս,
  • 24Աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ, ձեռքի տեղ՝ ձեռք, ոտքի տեղ՝ ոտք,
  • 25Խարանի տեղ՝ խարան, վէրքի տեղ՝ վէրք, հարուածի տեղ՝ հարուած։
  • 26Եւ եթէ մէկը զարկէ իր ծառայի աչքին կամ իր աղախնի աչքին ու կուրացնէ, նորա աչքի փոխարէն ազատ արձակէ նորան։
  • 27Եւ եթէ իր ծառայի ատամը՝ կամ իր աղախնի ատամը վայր գցէ, նորա ատամի փոխարէն ազատ արձակէ նորան։
  • 28Եւ եթէ մի եզ՝ մարդ կամ կնիկ հարէ, որ մեռնէ, եզը անպատճառ պիտի քարկոծուի, եւ նորա միսը պիտի չ’ուտուի. Բայց եզի տէրը անպատիժ լինի։
  • 30Եթէ փրկանք դրուի նորա վերայ, նա իր անձի ազատութեան համար՝ ինչ որ նորա վերայ դրուի, պիտի վճարէ։
  • 31Եւ թէ տղայ եւ թէ աղջիկ հարէ եզը, այս դատաստանի պէս լինի նորան։
  • 32Եթէ եզը ծառայ կամ աղախին հարէ, նորանց տիրոջ երեսուն սիկղ արծաթ պիտի տայ, եւ եզը պիտի քարկոծուի։
  • 33Եւ եթէ մէկը հոր բանայ, կամ մէկը փոս փորէ՝ եւ չ’ծածկէ, եւ այն տեղ եզ կամ էշ ընկնէ,
  • 34Փոսի տէրը տուժէ, եւ նորանց տիրոջը փող պիտի տայ, եւ մեռածը իրանը լինի։
  • 35Եւ եթէ մէկի եզն իր դրացու եզին հարէ որ մեռնէ, ողջ եզը ծախեն, եւ նորա փողը բաժանեն, եւ մեռածն էլ բաժանեն։
  • 36Այլ եթէ իմացուած է, որ եզը երէկուանից կամ մէկէլ օրուանից հարող էր, եւ նորա տէրը նորան չէ պահել, անպատճառ եզի տեղ եզ հատուցանէ եւ մեռածը իրանը լինի։
← Ցանկ