ԵԼԻՑ19
- 1Երրորդ ամսումը Իսրայէլի որդիների Եգիպտոսի երկրիցը դուրս գալուց յետոյ նոյն օրը Սինայի անապատն եկան։
- 2Այսինքն Ռափիդիմից չուեցին, եւ Սինայի անապատն եկան, եւ անապատումը բանակ տուին. Եւ Իսրայէլն այնտեղ սարի դիմացը բանակ տուաւ։
- 3Եւ Մովսէսը վեր գնաց Աստուծոյ մօտ. Եւ Եհովան կանչեց նորան սարիցն՝ ասելով. Այսպէս ասիր Յակոբի տանը եւ իմացրու Իսրայէլի որդիներին։
- 4Դուք տեսաք ինչ որ արի Եգիպտացիներին, եւ ձեզ արծիւի թեւերի վերայ տարի եւ ինձ մօտ բերի։
- 5Եւ հիմա եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։
- 6Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք։ Սորանք են այն խօսքերը որ Իսրայէլի որդիներին պէտք է ասես։
- 7Եւ Մովսէսն եկաւ եւ ժողովրդի ծերերին կանչեց եւ նորանց առաջին դրաւ այս բոլոր խօսքերը, որոնք Եհովան պատուիրեց իրան։
- 8Եւ բոլոր ժողովուրդը միասին պատասխանեցին եւ ասեցին. Եհովայի բոլոր ասածները կ’անենք։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային դարձրեց։
- 9Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես քեզ մօտ կ’գամ թանձր ամպի մէջ, որ ժողովուրդը լսէ՝ ես քեզ հետ խօսելիս, եւ քեզ էլ հաւատայ յաւիտեան։ Եւ Մովսէսը ժողովրդի խօսքերը Եհովային պատմեց։
- 10Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա ժողովրդի մօտ եւ սրբիր նորանց այսօր եւ էգուց, եւ թող իրանց հանդերձները լուանան.
- 11Եւ երրորդ օրուայ համար պատրաստ լինին. Որովհետեւ երրորդ օրը Եհովան բոլոր ժողովրդի աչքի առաջին Սինայ սարի վերայ պիտի իջնէ։
- 12Եւ դու ժողովրդի շուրջը սահման դնես՝ ասելով. Զգուշացէք սարը վեր ելնելուց կամ նորա ծայրին դպչելուց. ով որ սարին դպչի անպատճառ պիտի մեռցնուի։
- 13Նորան ձեռք չ’դպչի. Դպչողը անպատճառ պիտի քարկոծուի, կամ նետով սպանուի. Թէ անասուն եւ թէ մարդ՝ պիտի չ’ապրէ. Փողի ձայնը հնչուելիս նորանք սարը ելնեն։
- 14Եւ Մովսէսը սարիցը դէպի ժողովուրդն իջաւ եւ սրբեց ժողովրդին. Եւ նորանք իրանց հանդերձները լուացին։
- 15Եւ նա ասեց ժողովրդին. Երրորդ օրուայ համար պատրաստ եղիք, կնոջ մի մօտենաք։
- 16Եւ եղաւ երրորդ օրը՝ առաւօտը ծագելիս որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վերայ, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մէջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։
- 17Եւ Մովսէսը դուրս հանեց ժողովրդին բանակիցը Աստուծոյ առաջը. Եւ նորանք սարի տակին կանգնեցին։
- 18Եւ Սինայ սարը բոլորովին ծխում էր, որովհետեւ Եհովան նորա վերայ իջաւ կրակով, եւ նորա ծուխը հնոցի ծուխի պէս էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։
- 19Եւ փողի ձայնը գնալով շատ սաստկանում էր. Մովսէսը խօսում էր, եւ Աստուած ձայնով նորան պատասխան էր տալիս։
- 20Եւ Եհովան Սինայ սարի վերայ՝ սարի գլուխն իջաւ. Եւ Եհովան կանչեց Մովսէսին սարի գլուխը, եւ Մովսէսը վեր գնաց։
- 21Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իջիր՝ ժողովրդին պատուիրիր, մի գուցէ սահմանիցն անցնեն Եհովային տեսնելու համար եւ նորանցից շատերը կորչեն։
- 22Եւ Եհովային մօտեցող քահանաներն էլ սրբուին, որ մի գուցէ Եհովան նորանց վերայ յարձակուի։
- 23Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ժողովուրդը չէ կարող վեր գնալ Սինայ սարը. Որովհետեւ դու մեզ պատուիրեցիր՝ ասելով. Սահման դիր սարին, եւ սրբիր նորան։
- 24Եւ Եհովան ասեց նորան. Գնա՝ վայր իջիր. Եւ Ահարօնի հետ մէկտեղ ելիր. Բայց քահանաներն ու ժողովուրդը Եհովայի մօտ վեր գնալու համար սահմանիցը չ’անցնեն, որ մի գուցէ նորանց վերայ յարձակուի։
- 25Եւ Մովսէսը ժողովրդի մօտ իջաւ եւ խօսեց նորանց հետ։