ԵԼԻՑ14
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին. Նորա դիմացը ծովի մօտ բանակ տուէք։
  • 3Եւ Փարաւօնը Իսրայէլի որդիների համար պիտի ասէ. Թէ Երկրի մէջ մոլորուել են, անապատը նորանց պատել է։
  • 4Եւ Փարաւօնի սիրտը կ’կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կ’ընկնէ. Եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ կ’փառաւորուիմ, եւ Եգիպտացիք կ’գիտենան թէ ես եմ Եհովան։ Եւ նորանք այնպէս արին։
  • 5Եւ Եգիպտոսի թագաւորին պատմուեցաւ, թէ ժողովուրդը փախաւ. Եւ Փարաւօնի եւ նորա ծառաների սիրտը ժողովրդի դէմ փոխուեցաւ, եւ ասեցին. Սա ի՞նչ արինք մենք, որ Իսրայէլին մեզ ծառայութիւն անելուց թող տուինք։
  • 6Եւ իր կառքը պատրաստեց եւ իր ժողովուրդն իր հետը առաւ.
  • 7Եւ վեր առաւ վեց հարիւր ընտիր կառքեր եւ Եգիպտոսի բոլոր կառքերը՝ եւ նորանց ամենի վերայ ոստիկաններ։
  • 8Եւ Եհովան Եգիպտոսի Փարաւօն թագաւորի սիրտը կարծրացրեց, եւ նա Իսրայէլի որդիների ետեւիցն ընկաւ, եւ Իսրայէլի որդիքը բարձր ձեռքով դուրս եկան։
  • 9Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ հասան նորանց ծովի մօտ բանակ տուած Փարաւօնի ամեն ձիերը, կառքերը՝ եւ նորա ձիաւորները եւ զօրքերը՝ Փիաիրօթի մօտ Բէեղսեփոնի առաջին։
  • 10Եւ Փարաւօնը մօտեցաւ, եւ Իսրայէլի որդիքն իրանց աչքերը բարձրացրին, եւ ահա Եգիպտացիք գալիս էին իրանց ետեւիցը, եւ շատ վախեցին. Եւ Իսրայէլի որդիքն աղաղակեցին Եհովային.
  • 11Եւ ասեցին Մովսէսին. Միթէ Եգիպտոսումը գերեզմաններ չ’կային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու. Սա ի՞նչ է որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսիցը հանեցիր։
  • 12Սա այն խօսքը չէ՞ որ քեզ ասում էինք Եգիպտոսումը. Թէ Թող տուր մեզ՝ որ Եգիպտացիներին ծառայութիւն անենք. Որովհետեւ աւելի լաւ է մեզ համար Եգիպտացիներին ծառայութիւն անել, քան թէ անապատումը մեռնել։
  • 13Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կ’անէ ձեզ համար. Որովհետեւ ձեր այսօրուայ տեսած Եգիպտացիներին այլ եւս պիտի չ’տեսնէք յաւիտեան։
  • 14Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք։
  • 15Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ինչո՞ւ ես ինձ աղաղակում. Ասիր Իսրայէլի որդիներին, որ չուեն.
  • 16Եւ դու գաւազանդ բարձրացրու, եւ ձեռքդ մեկնիր ծովի վերայ եւ ճեղքիր նորան. Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնան։
  • 17Եւ ես ահա Եգիպտացիների սիրտը պիտի կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը պիտի գնան. Եւ ես Փարաւօնի եւ նորա բոլոր զօրքերի վերայ՝ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ պիտի փառաւորուիմ։
  • 18Եւ Եգիպտացիք կ’իմանան, թէ ես եմ Եհովան, երբոր ես Փարաւօնի եւ նորա կառքերի եւ նորա ձիաւորների վերայ փառաւորուիմ։
  • 19Եւ Աստուծոյ հրեշտակը՝ որ Իսրայէլի բանակի առաջին գնում էր, ելաւ եւ նորանց ետեւիցը գնաց. Եւ ամպի սիւնը ելաւ նորանց առջեւիցը եւ կանգնեց նորանց ետքին,
  • 20Եւ Եգիպտացիների բանակի եւ Իսրայէլի բանակի մէջտեղը եկաւ, ու ամպ ու խաւար եղաւ, բայց գիշերը լոյս էր տալիս, եւ բոլոր գիշերը միմեանց չ’մօտեցան։
  • 21Եւ Մովսէսը մեկնեց իր ձեռքը ծովի վերան. Եւ Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը եւ ծովը ցամաքացրեց, եւ ջրերը ճեղքուեցան։
  • 22Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. Եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան։
  • 23Եւ Եգիպտացիք նորանց ետեւիցն ընկան. Եւ Փարաւօնի բոլոր ձիերը՝ կառքերը եւ ձիաւորները նորանց ետեւիցը ծովի մէջտեղը գնացին։
  • 24Եւ եղաւ առաւօտեան պահին, որ Եհովան Եգիպտացիների բանակին նայեց կրակի ու ամպի սիւնիցը, եւ Եգիպտացիների բանակը խռովութեան մէջ գցեց.
  • 25Եւ նորանց կառքերի անիւները հանեց, որ դժուարութեամբ էին առաջ գնում. Այնպէս որ Եգիպտացիք ասում էին. Փախչենք Իսրայէլի երեսիցը, որովհետեւ Եհովան նորանց համար պատերազմում է Եգիպտացիների հետ։
  • 26Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ։
  • 27Եւ Մովսէսը մեկնեց ձեռքը ծովի վերայ, եւ առաւօտեան դէմ ծովն իր ընթացքին դարձաւ. Եւ Եգիպտացիք նորա դիմացիցը փախան. Եւ Եհովան թօթափեց Եգիպտացիներին ծովի մէջը։
  • 29Բայց Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնում էին, եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ էին նորանց համար։
  • 30Եւ Եհովան այն օրը Եգիպտացիների ձեռքիցն ազատեց Իսրայէլին. Եւ Իսրայէլը մեռած տեսաւ Եգիպտացիներին ծովի եզերքումը։
  • 31Եւ Իսրայէլը տեսաւ այն մեծ ձեռքը, որ Եհովան ցոյց տուաւ Եգիպտացիների վերայ. Եւ ժողովուրդը վախեց Եհովայիցը, եւ հաւատաց Եհովային եւ նորա ծառայ Մովսէսին։
← Ցանկ