ՍԱՂՄՈՍ94
  • 1Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։
  • 2Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։
  • 3Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կ’պարծենան։
  • 4Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. Բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։
  • 5Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. Եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։
  • 6Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. Եւ որբերին կոտորում են.
  • 7Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։
  • 8Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. Եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կ’հասկնաք։
  • 9Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. Կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ։
  • 10Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։
  • 11Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։
  • 12Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. Եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.
  • 13Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. Մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։
  • 14Որովհետեւ Տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։
  • 15Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. Եւ նորա ետեւից կ’գնան բոլոր սրտով ուղիղները։
  • 16Ո՞վ վեր կ’կենայ ինձ հետ չարերի դէմ. Ո՞վ ինձ հետ կ’կանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։
  • 17Եթէ Տէրն օգնութիւն չ’լինէր ինձ, քիչ կ’մնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։
  • 18Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։
  • 19Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։
  • 20Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։
  • 21Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։
  • 22Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։
← Ցանկ