ՍԱՂՄՈՍ89
  • 1Եզրահեցի Եթանի Երգ։ Յաւիտեան կ’օրհնեմ Տիրոջ ողորմութիւնը. ազգից ազգ կ’պատմեմ իմ բերանովը քո ճշմարտութիւնը։
  • 2Որովհետեւ ես ասեցի՝ Ողորմութիւնը յաւիտեան հիմնուած է, դու երկնքումը հաստատում ես քո ճշմարտութիւնը։
  • 3Ես ուխտ դրի իմ ընտրուածի հետ. երդում արի իմ Դաւիթ ծառայի համար։
  • 4Մինչեւ յաւիտեան կ’հաստատեմ քո զաւակը, եւ ազգից ազգ կ’հիմնեմ քո աթոռը։ (Սէլա։)
  • 5Եւ երկինքը կ’փառաւորեն քո հրաշքները, Տէր. Եւ սուրբերի ժողովքումը՝ քո ճշմարտութիւնը։
  • 6Որովհետեւ ո՞վ կայ երկնքումը՝ որ հաւասար լինի Տիրոջը, եւ աստուածների որդկանց մէջ, որ նման լինի Տիրոջը։
  • 7Աստուած զարհուրելի է սուրբերի ժողովքումը, եւ ահաւոր ամեն նորան շրջապատողների մօտ։
  • 8Ով Եհովայ՝ Զօրաց Աստուած, ո՞վ է քեզ պէս զօրաւոր Տէր. Եւ քո ճշմարտութիւնը քո չորս կողմովն է։
  • 9Դու տիրապետում ես ծովի զօրութեան վերայ. Երբոր բարձրանում են նորա կոհակները՝ դու խոնարհեցնում ես նորանց։
  • 10Դու փշրեցիր Ռահաբին խոցուածի նման, քո բազուկի զօրութիւնովը ցրուեցիր քո թշնամիներին։
  • 11Քո են երկինքը, քո է նաեւ երկիրը. Դու հիմնեցիր աշխարհքը եւ նորա լիութիւնը։
  • 12Դու արիր հիւսիսը եւ հարաւը. Թափօրն ու Հերմոնը ցնծում են քո անունովը։
  • 13Քո է ուժեղ բազուկը. Քո ձեռքը զօրաւոր է եւ քո աջը բարձր։
  • 14Արդարութիւն եւ իրաւունք են քո աթոռի հաստատութիւնը, ողորմութիւն եւ ճշմարտութիւն գնում են քո երեսի առաջից.
  • 15Երանի այն ժողովրդին, որ գիտէ փողերի ձայնը. Ով Տէր, նորանք քո երեսի լուսովը կ’գնան։
  • 17Որովհետեւ դու ես նորանց զօրութեան փառքը. Եւ քո հաճութիւնովը կ’բարձրանայ մեր եղջիւրը։
  • 18Որովհետեւ Տէրը մեր վահանն է եւ Իսրայէլի սուրբը՝ մեր թագաւորը։
  • 19Այն ժամանակը տեսիլքով խօսեցիր քո սուրբի հետ. Եւ ասեցիր՝ Օգնութիւն դրի զօրաւորի վերայ. բարձրացրի ընտրուածին ժողովրդի միջիցը։
  • 20Իմ Դաւիթ ծառային գտայ, իմ սուրբ իւղովն օծեցի նորան.
  • 21Որ իմ ձեռքը կ’հաստատէ նորան, եւ բազուկս կ’զօրացնէ նորան։
  • 22Թշնամին չի նեղացնիլ նորան, եւ անօրէնութեան որդին չի չարչարիլ նորան։
  • 23Բայց ես կ’փշրեմ նորա թշնամիներին նորա երեսի առաջին, եւ կ’զարկեմ նորա ատողներին։
  • 24Եւ իմ ճշմարտութիւնն ու իմ ողորմութիւնը նորա հետ կ’լինի, եւ իմ անունովը կ’բարձրանայ նորա եղջիւրը։
  • 25Եւ նորա ձեռքը կ’դնեմ ծովի մէջ, եւ նորա աջ ձեռքը գետերի մէջ։
  • 26Նա դէպի ինձ կ’կանչէ, Դու ես իմ Հայրը, ով իմ Աստուած եւ իմ փրկութեան Վէմ։
  • 27Եւ ես առաջինեկ կ’դնեմ նորան՝ երկրի թագաւորների վերայ բարձրացած.
  • 28Յաւիտեան կ’պահեմ նորա համար իմ ողորմութիւնը. Եւ իմ ուխտը հաւատարիմ կ’լինի նորա հետ։
  • 29Եւ ես յաւիտեան կ’հաստատեմ նորա զաւակին. Եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։
  • 30Եթէ նորա որդիքն իմ օրէնքը թողեն, եւ իմ իրաւունքի մէջ չ’գնան,
  • 31Եթէ նորանք իմ հրամաններն անարգեն, եւ իմ պատուիրանքները չ’պահեն.
  • 32Ապա գաւազանով կ’պատժեմ նորանց անօրէնութիւնը, եւ ծեծելով նորանց անիրաւութիւնը։
  • 33Բայց իմ ողորմութիւնը չեմ կտրիլ նորանից, եւ իմ հաւատարմութիւնը չեմ դրժիլ։
  • 34Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։
  • 35Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին։
  • 36Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին։
  • 37Ինչպէս լուսինը յաւիտեան հաստատ պիտի լինի, եւ ինչպէս վկան ամպերումը՝ հաւատարիմ։ (Սէլա։)
  • 38Բայց հիմա երեսից գցեցիր եւ անարգեցիր, բարկացար քո օծեալին վերայ։
  • 39Քո ծառայի ուխտը փչացրիր. նորա պսակը գետնի տալով պղծեցիր։
  • 40Նորա ամեն պարիսպները քանդեցիր, նորա ամուր տեղերն աւերակ արիր։
  • 41Բոլոր ճանապարհովը անցնողները կողոպտում են նորան. նա նախատինք եղաւ իր հարեւանների առաջին։
  • 42Նորա նեղացնողների աջ ձեռքը բարձրացրիր. Նորա ամեն թշնամիներին ուրախացրիր։
  • 43Նաեւ նորա սրի բերանը ետ դարձրիր, եւ պատերազմի մէջ չ’հաստատեցիր նորան։
  • 44Նորա փառաւորութիւնը հանգեցրիր, եւ նորա աթոռը գետինը գցեցիր։
  • 45Նորա երիտասարդութեան օրերը կարճեցրիր, ամօթով ծածկեցիր նորան։ (Սէլա։)
  • 46Տէր, մինչեւ ե՞րբ կ’թագցնես քո անձը, եւ քո սրտմտութիւնը կրակի պէս կ’բորբոքուի՞։
  • 47Յիշիր թէ ի՜նչ անցաւոր եմ, եւ քանի՜ ունայն ստեղծեցիր մարդկանց ամեն որդիքը։
  • 48Ո՜վ է այն մարդը որ ապրի եւ մահ չ’տեսնէ. Եւ իր անձը դժոխքի ձեռիցը փրկէ։ (Սէլա։)
  • 49Ո՞ւր է քո առաջի ողորմութիւնը, Տէր. որ երդում արիր Դաւիթին քո ճշմարտութիւնովը։
  • 50Յիշիր, Տէր, քո ծառաների նախատինքը, որ իմ ծոցումը քաշում եմ ամեն զօրաւոր ազգերիցը.
  • 51Որ նորանով քո թշնամիներն անարգում են, Տէր, որ նորանով անարգում են քո օծեալի քայլերը։
  • 52Օրհնեալ է Տէրը յաւիտեան։ Ամէն եւ ամէն։
← Ցանկ