ՍԱՂՄՈՍ84
- 1Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Կորխի որդկանց Սաղմոս։ Քանի՜ սիրելի են քո բնակարանները, ով Զօրաց Տէր։
- 2Իմ անձը ցանկանում է եւ փափաքում Տիրոջ սրահներին, իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենդանի Աստուծով։
- 3Ծիտն էլ տուն գտաւ եւ ծիծեռնակը բուն՝ իրան համար, որ իր ձագերը դնէ նորանում, այսինքն քո սեղանները, որ Զօրաց Տէր՝ իմ Թագաւոր եւ իմ Աստուած։
- 4Երանի քո տան բնակողներին. Նորանք յաւիտեան կ’օրհնեն քեզ։ (Սէլա։)
- 5Երանի այն մարդկանց որ նորանց զօրութիւնը քեզանից է, որ նորանց սրտերումը պատրաստուած ճանապարհներ կան։
- 6Արտասուքի ձորովն անցնելով՝ նորան աղբիւրի պէս են շինում. Եւ աշունի անձրեւը ծածկում է օրհնութիւնով։
- 7Նորանք զօրութիւնից զօրութիւն են գնում, եւ Աստուծուն երեւում՝ Սիօնի մէջ։
- 8Ով Տէր՝ Զօրաց Աստուած, լսիր իմ աղօթքն. Ականջ դիր, ով Յակոբի Աստուած։ (Սէլա։)
- 9Ով Մեր վահանը՝ Աստուած, տես, եւ քո օծեալի երեսին նայիր։
- 10Որովհետեւ լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. Աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը։
- 11Որովհետեւ Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։
- 12Ով Զօրաց Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած։