ՍԱՂՄՈՍ81
- 1Երգողների գլխաւորին. Կիթթիթի վերայ. Ասափի (Սաղմոս)։ Ցնծացէք Աստուծոյ առաջին, որ մեր զօրութիւնն է. Ուրախութիւնով աղաղակեցէք դէպի Յակոբի Աստուածը։
- 2Երգը բարձրացրէք, թմբուկը տուէք, քաղցր քնարը սաղմոսարանի հետ։
- 3Փող փչեցէք ամսի գլխումը. Լրացած լուսնի ժամանակին, մեր տօնի օրումը։
- 4Որովհետեւ այս հրաման է Իսրայէլին, եւ Յակոբի Աստուծուն իրաւունք։
- 5Վկայութիւն դրաւ Յովսէփի մէջ՝ երբոր նա դուրս էր գալիս Եգիպտոսի երկրի դէմ. լեզու էի լսում, որ չ’գիտէի։
- 6Եւ նորա թիկունքը հեռացրի բեռնիցը, եւ նորա ձեռքերը պրծան քթոցիցը։
- 7Դու նեղութիւնումը կանչեցիր, եւ փրկեցի քեզ. Լսեցի քեզ որոտմունքի ծածկոցումը. փորձեցի քեզ Մերիբայի ջրերի մօտ։ (Սէլա։)
- 8Լսիր, իմ ժողովուրդ, եւ կ’վկայեմ քեզ. Ով Իսրայէլ, երանի՜ թէ լսէիր ինձ։
- 9Օտար Աստուած չ’լինի քո միջումը. Եւ երկրպագութիւն չ’անես օտար Աստուծոյ։
- 10Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրիցը. լայն բաց արա քո բերանը՝ եւ ես կ’լեցնեմ դորան։
- 11Բայց իմ ժողովուրդը չ’լսեց իմ ձայնը, եւ Իսրայէլը չ’հաւանեց ինձ։
- 12Ապա նորանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։
- 13Եթէ՜ իմ ժողովուրդը ինձ լսէր, եւ Իսրայէլն իմ ճանապարհումը գնար,
- 14Շուտով կ’խոնարհեցնէի նորանց թշնամիները եւ իմ ձեռքը կ’դարձնէի նորանց նեղացնողների դէմ։
- 15Տիրոջն ատողները կ’խոնարհուէին նորա առաջին, իսկ նորա ժամանակը յաւիտեան կ’լինէր։
- 16Նա կ’կերակրէր նորան պարարտ ցորենով, եւ վէմիցը կ’կշտացնէի քեզ մեղրով։