ՍԱՂՄՈՍ80
- 1Երգողների գլխաւորին. Շօշանիմ էտութով. Ասափի Սաղմոս։ Ով Իսրայէլի Հովիւ, ականջ դիր. Դու՝ որ Յովսէփին առաջնորդում ես հօտի պէս, որ նստում ես քերովբէների վերայ՝ փայլիր։
- 2Եփրեմի եւ Բենիամինի եւ Մանասէի առաջին զարթնացրու քո զօրութիւնը. Եկ մեզ ապրեցնելու համար։
- 3Ով Աստուած, ետ դարձրու մեզ։ Եւ փայլեցրու քո երեսը՝ եւ կ’ապրինք.
- 4Տէր՝ Զօրաց Աստուած, մինչեւ ե՞րբ կ’բարկանաս քո ժողովրդի աղօթքի վերայ։
- 5Արտասուքի հաց ես ուտեցնում նորանց, եւ արտասուք ես խմեցնում նորանց մեծ չափով։
- 6Մեզ կռուի պատճառ ես դնում մեր դրացիների համար, եւ մեր թշնամիները ծաղր են անում մեր վերայ։
- 7Ով Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, եւ փայլեցրու քո երեսը եւ կ’ապրինք։
- 8Մի որթ փոխադրեցիր Եգիպտոսիցը, ազգեր դուրս հանեցիր եւ նորան տնկեցիր։
- 9Ճանապարհ պատրաստեցիր նորա առաջին, եւ նորա արմատները հաստատեցիր եւ նա լցրեց երկիրը։
- 10Սարերը ծածկուեցան նորա շուքովը, եւ Աստուծոյ մայրերի պէս են նորա ճիւղերը։
- 11Նորա ոստերը երկարացրիր մինչեւ ծովը, եւ նորա ճիւղերը մինչեւ Գետը։
- 12Ի՞նչու քանդեցիր հիմա նորա պատը, որ բոլոր ճանապարհովը անցնողները քաղեն նորան։
- 13Անտառի խոզը ապականում է նորան, եւ վայրի գազանը արածում է նորանում։
- 14Ով Զօրաց Աստուած, դարձիր երկնքիցը նայիր եւ տես, եւ տես եկ այս որթին.
- 15Եւ նոր բուսած ճիւղին, որ քո աջը տնկեց նորան, եւ այն որդիին որ նորան զօրացրիր քեզ համար։
- 16Այրուած է՝ կրակով կտրուած. քո երեսի սաստելուցը կորչում են։
- 17Թող ձեռքդ քո աջի մարդի վերայ լինի, մարդի որդիի վերայ՝ որ նորան զօրացրիր քեզ համար։
- 18Ապա ետ չենք քաշուիլ քեզանից. Կենդանացրու մեզ, եւ քո անունովը կ’կանչենք։
- 19Տէր՝ Զօրաց Աստուած, ետ դարձրու մեզ, փայլեցրու քո երեսը եւ կ’ապրինք։