ՍԱՂՄՈՍ7
- 1Դաւիթի Շիկկայօն, որ Տիրոջը երգեց Բենիամինեան Քուշի խօսքերի համար։ Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։
- 2Որ իմ անձը առիւծի պէս չ’յափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չ’լինի։
- 3Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.
- 4Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.
- 5Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. Եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)
- 6Վեր կաց, ո՜վ Տէր քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։
- 7Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։
- 8Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. Դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։
- 9Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. Որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
- 10Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
- 11Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
- 12Եթէ ետ չ’դառնայ, նա իր սուրը կ’սրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
- 13Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։
- 14Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. Յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
- 15Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
- 16Նորա չարութիւնը կ’դառնայ նորա գլխի վերայ. Եւ նորա անիրաւութիւնը վայր կ’գայ իր գագաթի վերայ։
- 17Ես կ’գոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կ’ասեմ բարձրեալ Տիրոջ անունին։