ՍԱՂՄՈՍ5
- 1Երգողների գլխաւորին։ Նխիլօթի վերայ։ Դաւիթի Սաղմոս։ Տէր, ականջ դիր իմ խօսքերին, եւ միտքդ առ իմ աղաղակը։
- 2Միտքդ դիր իմ աղաղակի ձայնին, ով իմ Թագաւոր եւ իմ Աստուած. Որովհետեւ դէպի քեզի եմ աղաչում։
- 3Տէր, առաւօտանց լսիր իմ ձայնը, առաւօտանց պատրաստ կ’լինիմ քեզ համար ու կ’սպասեմ։
- 4Որովհետեւ դու անօրէնութեան հաճութիւն տուող Աստուած չես. Չարը չի բնակուիլ քեզ մօտ։
- 5Ամբարտաւանները չեն կենալ քո աչքի առաջին. Դու ատում ես բոլոր անօրէնութիւն գործողներին։
- 6Դու կ’կորցնես սուտ խօսողներին. Տէրն արիւն թափող եւ նենգաւոր մարդիցը զզվում է։
- 7Բայց ես քո շատ ողորմութիւնովը կ’մտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կ’անեմ քո երկիւղովը։
- 8Տէր, առաջնորդիր ինձ քո արդարութիւնովն իմ թշնամիների պատճառով. շիտակ արա քո ճանապարհն իմ առաջին։
- 9Որովհետեւ նորանց բերանումը ճշմարտութիւն չ’կայ. Նորանց ներսը չարութիւնով լիքն է, նորանց կոկորդը բաց գերեզման է. Եւ իրանց լեզուովը նենգութիւն են անում։
- 10Դատիր նորանց, ով Աստուած, թող վայր ընկնին իրանց խորհուրդներովը. Իրանց շատ ամբարշտութիւնների համար դէն գցիր նորանց, որովհետեւ խռովութիւն են անում քեզ դէմ։
- 11Բայց թող ուրախ լինին բոլոր քեզ յուսացողները. Թող յաւիտեան ցնծան. Որովհետեւ դու պահպանում ես նորանց. Թող քեզանով զուարճանան քո անունը սիրողները։
- 12Որովհետեւ դու օրհնում ես արդարին, ով Տէր, դու հաճութիւնով պատում ես նորան ինչպէս վահանով։