ՍԱՂՄՈՍ18
  • 1Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը։
  • 2Տէր, իմ վէմ, եւ իմ բերդ եւ իմ ազատիչ. Իմ Աստուած, իմ ամրութիւն, որին ես յուսացած եմ։ Ով իմ ասպար եւ իմ փրկութեան եղջիւր, նա իմ բարձր աշտարակն է.
  • 3Ես օրհնեալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներիցը կ’փրկուիմ։
  • 4Մահի լարերը շրջապատեցին ինձ, եւ կորստեան վտակները վախեցրին ինձ,
  • 5Գերեզմանի ցաւերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վերայ։
  • 6Ես իմ նեղութիւնումը կանչեցի դէպի Տէրը, եւ դէպի իմ Աստուածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը. Եւ իմ աղաղակը նորա առաջը հասաւ՝ նորա ականջներին։
  • 7Այն ժամանակ երկիրը դողաց ու շարժուեցաւ, եւ սարերի հիմունքները սարսափեցան եւ դողացին. Որովհետեւ նա բարկացաւ։
  • 8Ծուխ դուրս եկաւ նորա քթիցը, եւ փչացնող կրակ՝ նորա բերանիցը. Կայծակներ փայլատակեցին նորանից։
  • 9Նա խոնարհեցրեց երկինքը եւ վայր եկաւ, եւ մառախուղ կար նորա ոտների տակ։
  • 10Նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ. Եւ սլացաւ քամիի թեւերի վերայ։
  • 11Նա խաւարը ծածկոյթ դրաւ իր վերայ. խորան եղան նորան չորս կողմովը խաւարային ջուրերը եւ երկնքի ամպերը։
  • 12Նորա առաջին փայլող լոյսիցը նորա ամպերն անցան, կարկուտ եւ կրակի կայծակներ դառան։
  • 13Եւ Տէրը որոտաց երկնքումը, եւ Բարձրեալն իր ձայնը տուաւ կարկուտով եւ կրակի կայծակներով։
  • 14Եւ նա իր նետերն ուղարկեց եւ ցրուեց նորանց, եւ կայծակները գցեց եւ շփոթեցրեց նորանց։
  • 15Եւ երեւեցան ջրերի անդունդքը, եւ երկրի հիմունքը յայտնուեցան քո սաստելուցը, Տէր. Քո բարկութեան հողմի փչելուցը։
  • 16Նա վերեւիցն ուղարկեց եւ բռնեց ինձ. Նա շատ ջրերից հանեց ինձ։
  • 17Նա ազատեց ինձ իմ զօրաւոր թշնամիիցը, եւ իմ ատողներիցը, որ ինձանից զօրաւոր էին։
  • 18Նորանք իմ նեղութեան օրումը առաջս առան. Բայց Տէրը նեցուկ եղաւ ինձ համար։
  • 19Եւ ինձ հանեց լայնարձակ տեղ եւ ինձ փրկեց. Որովհետեւ հաւանեց ինձ։
  • 21Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները եւ իմ Աստուածանից ամբարշտութիւնով չ’հեռացայ։
  • 22Որովհետեւ նորա ամեն իրաւունքներն իմ առաջն են, եւ ես նորա պատուիրանքներն ինձանից չեմ հեռացնում։
  • 23Ես անարատ եմ նորա առաջին, եւ զգուշանում եմ իմ անօրէնութիւնիցը։
  • 24Ուստի Տէրը հատուցանում է ինձ իմ արդարութեան պէս. Իմ ձեռքի մաքրութեան պէս՝ նորա աչքի առաջին։
  • 25Ողորմածի հետ ողորմած ես. Եւ անարատի հետ անարատ ես.
  • 26Իստակի հետ իստակ ես. Եւ ծուռի հետ՝ ծուռ։
  • 27Որովհետեւ դու աղքատ ժողովրդին ապրեցնում ես. Եւ բարձր աչքերը խոնարհեցնում ես։
  • 28Որովհետեւ դու լուսաւորում ես իմ ճրագը. Տէր Աստուածը լուսաւոր է անում իմ խաւարը.
  • 29Որովհետեւ քեզանով վազում եմ զօրքի վերայ. Եւ իմ Աստուծովն անց եմ կենում պարսպի վերայից։
  • 30Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը կրակով մաքրուած է. նա պահապան է ամեն իրան յուսացողների համար.
  • 31Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Տէրիցը. Եւ ո՞վ է վէմ մեր Աստուածանից ջոկ.
  • 32Այն Աստուածը, որ զօրութիւն է հագցնում ինձ. Եւ իմ ճանապարհն անարատ անում.
  • 33Նա որ իմ ոտներն եղջերուների ոտների նման է շինում, եւ ինձ՝ բարձր տեղերումը կանգնեցնում.
  • 34Նա իմ ձեռքը վարժեցնում է պատերազմ անելու, որ իմ բազուկը պղնձի աղեղը լարեն։
  • 35Եւ տալիս ես ինձ քո փրկութեան վահանը, եւ քո աջը հաստատում է ինձ, եւ քո քաղցրութիւնը մեծացնում է ինձ։
  • 36Դու լայնարձակ ես անում իմ գնացքը իմ տակ, եւ իմ սրունքները չեն դողում։
  • 37Ես կ’հալածեմ իմ թշնամիները եւ նորանց կ’հասնեմ. Եւ ետ չեմ դառնալ մինչեւ որ փչանան։
  • 38Ես կ’զարկեմ նորանց, որ չ’կարողանան վեր կենալ. Նորանք իմ ոտների տակ կ’ընկնեն։
  • 39Դու ինձ զօրութիւն ես հագցնում պատերազմի համար. Եւ ինձ դէմ վեր կացածներին իմ տակն ես գցում։
  • 40Դու իմ թշնամիներին հալածական ես անում. Եւ ես ինձ ատողներին կ’փչացնեմ։
  • 41Նորանք կանչում են, բայց փրկող չ’կայ. դէպի Տէրը՝ բայց նա նորանց չէ պատասխանում։
  • 42Ես կ’փշրեմ նորանց ինչպէս փոշի քամիի առաջին. Դուրս կ’թափեմ նորանց ինչպէս փողոցի ցեխը։
  • 43Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակութիւնիցը, ինձ հեթանոսների վերայ գլուխ ես դնում. Այն ժողովուրդը, որ ես նորան չէի ճանաչում, ծառայում է ինձ։
  • 44Հէնց ականջով լսելով՝ հնազանդուեցան ինձ. Օտարների որդիքը ինձ շողոքորթեցին։
  • 45Օտարների որդիքը թուլացան, եւ սարսափում էին իրանց ապաստարաններիցը։
  • 46Կենդանի է Տէրը. Եւ օրհնեալ է իմ Վէմը. Եւ բարձրացած լինի իմ փրկութեան Աստուածը.
  • 47Այն Աստուածը՝ որ վրէժս առնում է, եւ ժողովուրդները հնազանդեցնում է իմ ներքեւը.
  • 48Որ փրկում է ինձ իմ թշնամիներիցը. Եւ բարձրացնում է ինձ նորանցից, որ ինձ դէմ վեր կացան. Դու ազատում ես ինձ անիրաւ մարդիցը։
  • 49Սորա համար հեթանոսների մէջ կ’գոհանամ քեզանից, ով Տէր. Եւ քո անունին սաղմոս կ’ասեմ։
  • 50Նա մեծացնում է իր փրկութիւնը իր թագաւորի համար. Եւ ողորմութիւն է անում իր օծեալ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։
← Ցանկ