ՍԱՂՄՈՍ147
- 1Օրհնեցէք Տիրոջը. Որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր եւ գեղեցիկ է օրհնաբանութիւնը։
- 2Տէրը շինում է Երուսաղէմը, եւ ժողովում է Իսրայէլի ցրուածներին։
- 3Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը։
- 4Նա համարում է աստղերի թիւը, եւ կանչում՝ նորանց ամենը անուններովը։
- 5Մեծ է մեր Տէրը եւ շատ զօրաւոր. նորա իմաստութեանը չափ չ’կայ։
- 6Տէրը հաստատում է խեղճերին, բայց խոնարհեցնում է ամբարիշտներին մինչեւ հողը։
- 7Երգեցէք Տիրոջը գոհութիւնով. Մեր Աստուծուն սաղմոս երգեցէք քնարով։
- 8Որ ծածկում է երկինքը ամպերով, անձրեւ է պատրաստում երկրիս համար, եւ սարերին խոտ է բուսցնել տալիս։
- 9Որ նա անասուններին տալիս է իրանց կերակուրը, ագռաւի ձագերին՝ որ կանչում են իրան։
- 10Նա հաճութիւն չ’ունի ձիան զօրութեանը, զօրեղ մարդի սրունքներին չէ հաւանում։
- 11Տէրը հաւանում է իրանից վախեցողներին, որ իր ողորմութեանն են յուսացած։
- 12Ով Երուսաղէմ, գովիր Տիրոջը. Օրհնիր քո Աստուծուն, ով Սիօն։
- 13Որովհետեւ նա պնդացնում է քո դռների նիգերը, եւ օրհնում է քո որդկանցը քեզանում։
- 14Նա խաղաղութիւն է տալիս քո սահմաններին, եւ կշտացնում է քեզ պարարտ ցորենով։
- 15Նա ուղարկում է իր խօսքը երկրի մէջ. Եւ նորա խօսքը վազում է շուտ շուտ։
- 16Նա բուրդի պէս ձիւն է տալիս. Եւ եղեմն է ցանում փոշի մոխրի պէս։
- 17Նա իր սառուցն ուղարկում է կտորների պէս. Նորա ցրտի առաջին ո՞վ կ’կենայ։
- 18Նա ուղարկում է իր խօսքը եւ հալում նորանց. Իր քամին փչել է տալիս, եւ ջուրեր են վազում։
- 19Նա պատմում է իր խօսքը Յակոբին, իր հրամաններն ու իրաւունքներն՝ Իսրայէլին։
- 20Ոչ մէկ ազգի այսպէս չ’արաւ. Եւ նորանք չեն ճանաչում նորա դատաստանները։ Ալէլուիա։