ՍԱՂՄՈՍ101
- 1Դաւիթի Սաղմոս։ Ողորմութիւն եւ իրաւունք երգեմ. Քեզ, ով Տէր, սաղմոս ասեմ։
- 2Իմաստութիւնով կ’գնամ կատարելութեան ճանապարհում. Ե՞րբ կ’գաս ինձ մօտ. իմ սրտի անմեղութիւնովը կ’գնամ իմ տան մէջ։
- 3Իմ աչքի առաջին չար բան չեմ դնիլ. անօրէնութիւն գործողին ատում եմ. Նա ինձ չ’մօտենայ։
- 4Ծուռ սիրտը պէտք է հեռանայ ինձանից. չարին չեմ ճանաչիլ։
- 5Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դէմ, նորան կ’ջնջեմ. նա որ ամբարտաւան է աչքերով եւ հպարտ սրտով, նորան չեմ կարող համբերել։
- 6Իմ աչքերը երկրի հաւատարիմների վերայ է, որ ինձ հետ բնակուեն. անմեղ ճանապարհ գնացողը կ’ծառայէ ինձ։
- 7Նենգութիւն անողը չի բնակուիլ իմ տան մէջ. Նա որ սուտ է խօսում՝ հաստատ չի մնալ իմ աչքի առաջին։
- 8Առաւօտանց կ’ջնջեմ երկրի ամեն ամբարիշտներին, որ Տիրոջ քաղաքիցը սատկեցնեմ բոլոր անօրէնութիւն գործողներին։