ՅՈԲ5
- 1Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. Եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։
- 2Իրաւ՝ յիմարին սպանում է բարկութիւնը. Եւ նախանձը մեռցնում է անմիտին.
- 3Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։
- 4Հեռու էին նորա որդիքը փրկութիւնից, եւ ջարդուեցան դռան մէջ, ու փրկող չ’կար.
- 5Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու ծարաւները կուլ են՝՝ տալիս նորանց ստացուածքը։
- 6Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։
- 7Ապա մարդս թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։
- 8Սակայն ես Աստուծոյ մօտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը,
- 9Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։
- 10Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,
- 11Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։
- 12Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։
- 13Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։
- 14Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին։
- 15Նա ազատում է աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։
- 16Եւ այսպէս խեղճի համար յոյս է լինում. Եւ անօրէնութիւնը խփում է իր բերանը։
- 17Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։
- 18Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։
- 19Նա վեց նեղութիւններից քեզ կ’ազատէ, եւ եօթներորդում քեզ չարիք չի դպչիլ։
- 20Սովի ժամանակին նա քեզ կ’ազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։
- 21Լեզուի խարազանից կ’ծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։
- 22Կործանման ու սովի վերայ կ’ծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ։
- 23Որովհետեւ դաշտի քարերի հետ կ’լինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կ’խաղաղանան քեզ համար։
- 24Եւ դու կ’իմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կ’այցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։
- 25Եւ կ’գիտենաս որ քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ երկրի խոտերին պէս։
- 26Ալեւորած կ’գնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։
- 27Ահա այս քննել ենք, այսպէս է. Մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր քեզ համար։